Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր՝ օգոստոսի 5-ին, տեղի ունեցավ «Երեւան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը, որը նախաձեռնել էր Երեւանի քաղաքապետարանը, «Երեւանյան ամառ 2015»  ծրագրի շրջանակում: Փառատոնին ազգագրական երգ ու պարով հանդես եկան տարբեր համույթներ, տեղի ունեցավ հայկական տարազների ցուցադրություն: Հյուսիսային պողոտայում տեղակայված տաղավարներում ներկայացված էին նաեւ մի շարք ստեղծագործողների աշխատանքները: (ֆոտոռեպորտաժ)

Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փառատոնի օրվա փոփոխությունը կապված էր համահայկական խաղերի անցկացման հետ:

Հիշեցնենք, որ «Երեւան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը պետք է տեղի ունենար օգոստոսի 2-ին, սակայն քաղաքապետարանը հետաձգել էր այն մինչեւ օգոստոսի 5-ը՝ պատճառաբանելով, որ զբաղված են Համահայկական խաղերի անցկացմամբ: Հետաձգման պատճառով Հայաստան ժամանած մի խումբ ճապոնացի զբոսաշրջիկներ, որոնք եկել էին փառատոնին մասնակցելու համար, վերադարձել էին Ճապոնիա՝ չսպասելով օգոստոսի 5-ին:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am