Պատուհանի ապակու միջով լուսանկարելու դեպքում արտացոլանքը շուտով անցյալում կլինի: RG-ի փոխանցմամբ, Google ընկերության եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները մտածել են, թե ինչպես կարելի է ազատվել լուսանկարները փչացնող այդ խնդրից:

Ըստ Engadget-ի, հատուկ տեխնոլոգիան նախապես մշակել են Մասաչուսեթսի ինստիտուտի մասնագետները: Google-ի հետ համատեղ այն վերջնական տեսքի են բերել եւ հիմա, արտացոլանքից բացի, այն թույլ է տալիս լուսանկարից վերացնել գրեթե բոլոր ավելորդությունները. անձրեւի կաթիլ, ցանկապատ եւ այլն:

Կորպորացիայում դեռեւս չեն նշել, թե ինչպես կարելի է օգտվել մշակումից: Սակայն հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ տեխնոլոգիան կարելի է կիրառել գրեթե բոլոր ֆոտոխցիկներում, այդ թվում՝ սմարթֆոնում կամ պլանշետում: