Նոր Նորքի Ս. Սարգիս  եկեղեցում այսօր` օգոստոսի 12-ին, «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում դրամական աջակցություն տրամադրվեց Նոր–Նորք, Ավան, Քանաքեռ -Զեյթուն և Արաբկիր համայնքների` 1989-ից հաշվառված առաջին խմբի 34 զինհաշմանդամների:

Բարերարները, որոնք ծրագրին տրամադրել են ընդհանուր 50 միլիոն դրամ, չեն ցանկանում հրապարակել իրենց անուններն ու տվյալները:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում դրամական աջակցությունը տրվում է միայն  ՀՀ ՊՆ սոցիալական վարչությում գրանցված Երևանի և Արարատի մարզի զինվորականների ընտանիքներին, քանի որ ծրագիրն իրականացվում է ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ, իսկ Արարատյան Հայրապետական թեմի մեջ մտնում են միայն Արարատի մարզն ու Երևան քաղաքը:

Դրամաբաշխությունն իրականացվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ այն իրականացվել է 2014թ.:

Նշենք, որ այս տարի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում ընդգրկված են 2014թ. ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի հետ շփման գծում զոհված զինծառայողների 19 ընտանիքներ, որոնց տրամադրվում է 350.000-ական դրամ գումարային աջակցություն: 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված առաջին խմբի 132 զինհաշմանդամների տրվում է 160.000-ական դրամ, երկրորդ խմբի զինհաշմանդամներին`130.000-ական դրամ` և 100.000-ական դրամ` երրորդ խմբի զինհաշմանդամներին:

Դրամաբաշխությանը ներկա Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Վարդան ավագ քահանա Մկրտչյանը NEWS.am-iի հետ զրույցում հույս հայտնեց, որ ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի: