Լոս Անջելեսում 96 մլն պլաստիկե գնդակ են նետել ջրամբար: Տեղի իշխանությունները հույս ունեն այդ կերպ քաղաքային ջրապահուստարանը փրկել աղտոտումից եւ չորացումից:

Պահուստարանի ընդհանուր մակերեսը 175 ակր է, այսինքն՝ ավելի քան 700 հազար քառակուսի մետր: Ըստ Daily Mail-ի, դրանում ավելի քան 1 մլն խորանարդ մետր ջուր կա: Վերջին 20 հազար գնդակները ջուրն է նետել քաղաքապետ Էրիկ Գարսետտին:

Սեւ պլաստիկե գնդակները պետք է կանխեն ջրի գոլորշիացումը եւ այն պաշտպանեն փոշուց, կեղտոտ անձրեւներից, քիմիկատներից: Դրանք նաեւ կկանխեն ջրամբար թռչունների, կենդանիների եւ հնարավոր այլ վարակ տարածողների թափանցմանը:

Nat-geo-ի փոխանցմամբ, մեկ գնդակը 36 ցենտ արժե: Այսպիսով, ջրամբարի պաշտպանության շուրջ սրամիտ այդ որոշումը տարածաշրջանին 34.5 մլն դոլար է արժեցել: