Շուրջ մեկ շաբաթ է` ալավերդցիները ծորակից ջուր չեն խմում: Նրանց մեծ մասը խմելու ջուրը գնում է խանութից, իսկ նրանք, ովքեր հնարավորություն չունեն, ստիպված են ամեն օր օգտագործելուց առաջ եռացնել ջուրը։ Քաղաքում տարածված խոսակցությունները, թե վերջին օրերին պարբերաբար գրանցվող աղիքային ինֆեկցիաները ջրի հետևանքով են, ալավերդցիներին ստիպում են զգուշանալ:
Ալավերդիի բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը, սակայն, վստահեցնում է, որ ջուրը չէր կարող աղիքային հիվանդության առաջացման աղբյուր լինել։
«Վերջին տասնօրյակում Ալավերդիում ազգաբնակչության կողմից որոշակի անհանգստություն կա` կապված վերջին օրերի աղիքային ինֆեկցիաների ակտիվացման հետ: Բնակիչների մի մասը դա կապում է ջրի հետ։ Ես միանշանակ կարող եմ ասել, որ ամեն օր մենք կապի մեջ ենք Ալավերդիի փորձագիտական կենտրոնի հետ, որտեղ ամեն օր ջրի նմուշներ են վերցնում և մեզ տեղեկացնում, որ ջուրը լիովին մաքուր է, կենսաբանորեն ոչ մի վնասակար նյութեր չի պարունակում և 100 տոկոսով ենթակա է օգտագործման»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց տնօրենը:
Այդուհանդերձ, օգոստոսի սկզբից ավելացել է աղիքային ինֆեկցիաներին բնորոշ ախտանշաններով բժշկական կենտրոն դիմողների թիվը: Վերջին 10 օրվա ընթացքում կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 15 մարդ, որից 9-ը` երեխա։ Եվս երկու տասնյակից ավելին դիմել են կենտրոն`աղիքային ինֆեկցիային բնորոշ նշաններով և ստացել ամբուլատոր բուժօգնություն:
Տնօրենի կարծիքով` աղիքային ինֆեկցիաներն ավելի շատ պայմանավորված են սեզոնայնությամբ և օդի բարձր ջերմաստիճանով:
«Ներկա պահին աղիքային ինֆեկցիաների սեզոնայնության ռիսկի գոտում ենք, մյուս կողմից էլ ոչ մի տարի Ալավերդիում նման բարձր ջերմաստիճան չի եղել, որը ևս նպաստում է աղիքային ինֆեկցիաների ավելացմանը»,- նշեց նա:
Տնօրենի խոսքով` ջրի հետ կապված բողոքներն ու անհանգստություններն ավելի շատ գալիս են քաղաքի երկու՝ Սայաթ-Նովայի և Լալվարի թաղամասերից:
Մենք շրջեցինք նաև այս թաղամասերում ու լսեցինք բնակիչների կարծիքները. բոլորը բողոքում էին խմելու ջրի որակից եւ վստա էին, որ համատարած աղիքային ինֆեկցիայի աղբյուրը ջուրն է. «Ջուրը բացում ենք, ջրից կոյուղու հոտ ա գալիս»,- բողոքեցին բնակիչները։
Սայաթ-Նովայի թիվ 14 շենքի բակում հավաքված երեխաներից մեկը պատմեց. «Մի քանի օր առաջ մաման զգաց, որ արդեն ջուրն էդքան էլ նորմալ չի: Անընդհատ էս շենքերից ասում էին, որ վարակվել են, մաման էլ սկսեց եռացնել: Մի քանի օր առաջ էլ Արշակը կռանտի ջրից խմել էր ու թունավորվել»,- պատմեց տղան:
Բնակիչների խոսքով` ջուրը եռացնելուց հետո օգտագործելու դեպքում փորացավն ու մյուս ախտանշանները վերանում են։











