Կրասնոդարի երկրամասի Կովկասյան շրջանում թեթեւ մարդատար եւ բեռնատար մեքենաների բախման հետեւանքով 4 մարդ զոհվել է, 14 տարեկան մի աղջիկ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունից:

Պատահարը տեղի է ունեցել դաշտամիջյան ճանապարհին: «ՎԱԶ 2106-ի վարորդը փորձել է վազանցում կատարել, սակայն փոշու պատճառով չի տեսել, որ առջեւից ԿԱՄԱԶ է գալիս»,- հաղորդել են ոստիկանությունում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզում են պատահարի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ ճշտում մարդատարի մահացած ուղեւորներից մեկի տարիքն ու ինքնությունը: Չի բացառվում, որ նա նույնպես անչափահաս է: