Ամստերդամ-Փարիզ գնացքի անձնակազմը մարդկանց բառացիորեն թողել է բախտի քմահաճույքին, երբ գնացքում հրաձգություն է սկսվել. երկաթգծի բոլոր աշխատակիցները, որոնք այդ գնացքում են եղել, փախել եւ բարիկադավորվել են ծառայողական հատվածում: 

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին: Զինված մի մարդ ներխուժել է գնացք եւ կրակ է բացել: Ուղեւորներն են կարողացել վնասազերծել հանցագործին. երկու ամերիկացի զինվորական, մեկ ուսանող եւ բրիտանացի մի  գործարար: Նրանցից երկուսը, այդ թվում` ամերիկացի զինվորականը և ֆրանսիացի դերասան Ժան-Յուգ Անգլադը, որը նաեւ նկարահանվել է  «Լեոն» ֆիլմում, վնասվածք են ստացել:

Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում ահաբեկչին հարաքննել են Արրաս քաղաքում, որտեղ կանգ է առել արագընթաց գնացքը: Հետո նրան հասցրել են Փարիզ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Հանցագործը 26-ամյա մարոկկացի Այուբ ալ Կազանին է, որը մինչ այդ ապրել է Իսպանիայում եւ Բելգիայում: Նա արդեն հայտնվել է հատուկ ծառայությունների տեսադաշտում, որովհետեւ բացահայտորեն իր աջակցությունն է հայտնել «Իսլամական պետությանը»: Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ մոտ ժամանակներս բոլոր կայարաններում ուղեբեռը կստուգվի մետաղորսիչներով: