Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանին այսօր ՝ սեպտեմբերի 7-ին, Հայաստան- Դանիա խաղի ժամանակ ստադիոնից հեռացնելու ժամանակ հրել են, ինչի հետեւանքով նա վնասել է ոտքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը` պատմելով, որ իրեն ու իր 4 ընկերներին խաղի ավարտից մի փոքր առաջ ոստիկանները, այդ թվում` քաղաքացիական հագուստով, շրջապատել են առանց պատճառի, հրելով փորձել են դուրս հանել ստադիոնից:
«Հենց սկզբից էլ իրենք լարված էին: Երբ նստեցինք, տեսանք, որ Կենտրոնի ոստիկանության օպերները՝ առանց համազգեստի ու համազգեստով, շրջապատեցին մեզ: Առաջին խաղակեսը հանգիստ անցավ, երկրորդ ժամանակ ուր գնում էինք, հետներս գալիս էին,արդեն 4 համազգեստով եւ 4 առանց համազգեստի ոստիկան: Որտեղ կանգնում էինք, երեք-չորս ոստիկան գալիս էին, շարվում էին մեր դիմաց: Վերջում եկան, մի տեղ նստած էինք, ասեցին` էս ձեր տեղի չի, նայեց տոմսին, ինձ թվաց` ուզում է տանի, որ ասեն՝ առանց տոմս եք մտել: Հասանք մուտքի մոտ, որտեղից աստիճաններով բարձրանում են դեպի տրիբունաներ, հանկարծ բոլոր մարդիկ մեր շուրջը, անգամ ներկված երկրպագուները, չգիտես՝ ոնց, դարձան ոստիկաններ: Մտան թեւներս, խառնաշփոթ վիճակ ստեղծվեց, բրթելով մի քսան աստիճան իջանք, ու ոտքս ոլորվեց»,- պատմեց Շահենը:
Շահենը պատմեց, որ սկզբում իրենց ցանկացել են տանել ոստիկանություն, սակայն Վալերի Օսիպյանը թույլ չի տվել:
NEWS.am–ի հետ զրույցում ոստիկանությունից վստահեցրին, որ ոստիկանությունը կատարվածի հետ կապ չունի, նրան դուրս են բերել անվտանգության ծառայության աշխատակիցները։
Որոշ տեղ քայլելուց հետո Շահենը հասկացել է, որ չի կարողանում ոտքը շարժել, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հիվանդանոցի մոտ էին հավաքվել Շահենի ընկերները, հարազատները, նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Շահեն Հարությունյանը հետազոտվեց, նրա մոտ հայտնաբերվեց սալջարդ:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում դիմել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ խաղի մեկնարկից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել էր Շահենի հետ, նրան հորդորել չկրկնել Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածն ու չներխուժել խաղադաշտ՝ զգուշացնելով, որ դա բացասաբար կանդրադառնա հավաքականի վրա։
Շահեն Հարությունյանը հոր լուսանկարով շապիկով էր գնացել խաղին: Նույն շապիկով նա Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում ներխուժել էր խաղադաշտ` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդիրը:











