Ոստիկանության կենտրոնականի բաժնում մի քանի ահազանգեր են ստացվել հեծանիվների ու բջջային հեռախոսների գողությունների և կողոպուտների վերաբերյալ։ Գրեթե բոլոր դեպքերում տուժողները երեխաներ ու դեռահասներ են եղել։ Գրեթե նույնն են եղել հանցագործությունների մեխանիզմն ու կատարման ժամկետը։

Տուժողների բացատրություններն ու կասկածյալի արտաքին տեսքի նկարագրությունները կենտրոնի ոստիկաններին թույլ էին տալիս ենթադրելու, որ հանցագործությունները կատարվել են միևնույն անձի կողմից։

Քրեական հետախույզների կողմից իրականացվող գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է Երևանի բնակիչ 18-ամյա  Գագիկ Ավագյանը, որը օգոստոսի 27-ին բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին։

Նա գողացած հեծանիվներն ու բջջային հեռախոսները վաճառել է Երևանի գյուղմթերքի շուկաներում՝ իրական արժեքից մի քանի անգամ էժան։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գագիկ Ավագյանը կալանավորված է։

Քննությունը շարունակվում է։

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում: