«Սավարշավանա» նորաստեղծ նախագծի տղաները՝ Վարդգես Հովեյանը եւ Վաչե Ղարիբյանը, ռոքնռոլ են անում։
Պահպանակ, պաղպաղակ, պուլպուլակ, պիսեց, շուտով նաեւ պարազիտ... Եթե չկռահեցիք՝ սրանք երգերի անվանումներն են։ Տղաները որոշել են «Պ» սկզբնատառով երգերի մի ամբողջ ալբոմ ձայնագրել։ «Պ» տառով մի բառ են ընտրում ու սկսում են երգի տեքստ գրել, ու պարտադիր էլ չէ, որ բառերն իրար հետ կապ ունենան, չեն ուզում լուրջ բաների մասին գրել, որովհետեւ լուրջ տեքստերով երգերը չափից դուրս շատ են, գրում են այն, ինչ առաջինը մտքներին գալիս է։
Շոգ, արև, բուռունդուկ
Ես պոպոք, դու պնդուկ...
Հիմնականում ստեղծագործական պրոցեսն այսպես է լինում՝ պոպո՞ք, պնդու՞կ, հաճար բլղուր, հո՛պ, գնա՜ց, երգը ստացվեց։
***
Եթե պահպանակը չի պաշտպանի
Ոչինչ էլ չի պաշտպանի...
***
Թող որ զարթնի սրտիդ պահակը
Ու քեզ ստիպի շարժել քամակդ...
Հեչ էլ չեմ շեղվում... Սավարշավանան է մեղավոր, առանց բարդույթների եւ կարծրատիպերի է, եկել է հայական քյասիբ ռոքին նոր գույներ հաղորդելու։ Fairwind ռոք խմբի վոկալիստ Վարդգեսն ու The Beautified Project խմբի բաս կիթառահար Վաչեն այս նախագծում ազատ են, երգի տեքստեր են գրում այն լեզվով, որով մարդիկ սովորաբար շփվում են միմյանց հետ։ Նոր ռոքնռոլային գործեր են ուզում ստեղծել, որպեսզի մարդիկ լսեն, ժպտան, իսկ եթե չեն ժպտա եւ կհասկանան՝ իրենց ոճը չէ, թող անջատեն։
«Ուրիշ պրոյեկտներում մենք արդեն ոճ ենք ստեղծել, դու ինքդ քո համար ինչ-որ ռամկեք ես դնում, որ սա է իմ ոճը, կարող եմ մի քիչ դուրս գալ, Սավարշավանայում մենք լրիվ ազատ ենք։ Եթե մյուս խմբերում 2 օրից 1 շաբաթ է տեւում երգ գրելը, ապա այստեղ ընդամենը մեկ ժամում երգը պատրաստ է»,-ասում է Վաչե Ղարբյանը, որի սենյակում էլ ձայնագրվում են երգերը։
«Ինչու՞ Սավարշավանա»` տղաներին ամենաշատ տրվող հարցն է, որին նրանք տրամաբանական պատասխան տալ չեն կարողանում, փոխարենը սկսում են պատմել պատմությունը, որտեղից եկել է նախագծի անունը։
«Սավարշավանան սկսել է կենցաղային, ընկերական խոսակցությունից։ Օդանավակայանում մարդ էինք դիմավորում, օրվա ամենաշատ հնչող ֆրազան «սա Վարշավա՞ն ա»–ն էր։ Մենք անընդհատ փորձում էինք Վարշավայից եկած մարդու գտնել ու բոլորին հարցնում էինք՝ սա Վարշավա՞ն է, թե՞ սա Վարշավան չէ։ Այսպես որոշեցինք մեր նախագծի անունը Սավարշավանա դնել»,- ասում է վոկալիստ Վարդգես Հովեյանը։
Որքան էլ տղաները վստահեցնում են, որ լուրջ բաների մասին չեն երգում, երգի հերոսներն իրական չեն, նրանք, այնուամենայնիվ, անդրադառնում են մեր երկրում տարածված երեւույթների ծիծաղելի կողմերին՝ հեգնական ու ծաղրական տեքստերի միջոցով։
«Մենք բոլորս էլ հիմնականում նկատում ենք այդ մարդկանց փողոցում, ենթագիտակցորեն մնում են մեր մեջ, նստվածք են թողնում, բայց ավելի շատ ուզում ենք ծիծաղել մի քիչ։ Անպայման չէ՝ ռոքը միշտ լինի սիրո, պատերազմի, կռվի մասին, մեկ- մեկ կարող է պարզապես ոչ մի բանի մասին լինել»,-ասում է Վարդգես Հովեյանը։ Վաչե Ղարիբյանն իր հերթին ասում է, որ իրենք երգերով ոչ մեկին չեն ոզում նեղացնել, տեքստերի հետեւում ոչ ոք կանգնած չէ։
«Իրական հերոսներ չեն, հասկացողը կխնդա երգերի վրա, չհասկացողը կտեսնի իրեն այդ ամենի մեջ»,- ասում է նա՝ ավելացնելով, որ եթե երգերը վիզուալ լինեին, ապա դրանք կլինեին մուլտֆիլմեր, որովհետեւ կերպարները ծիծաղելի եւ ծուռումուռ են։
Տղաները կատակում են, որ այս նախագծով երգեր ձայնագրելով իրենք «պատմություն են ստեղծում», սակայն արագ լրջանում են, երբ խոսքը գնում է հայկական ռոք իրականության մասին։
«Շատ լավ խմբեր կան, բայց իրենք ձայնագրվելու նպատակ չեն դնում իրենց առջեւ, պետք է ձայնագրվել, իրենց համերգները հաջորդ առավոտ էլ չեն հիշելու, պետք է ինչ-որ բան ստեղծել, որպեսզի իրենք էլ հետո հիշվեն»,-նշում է Վաչեն եւ երաժիշտներին խորհուրդ տալիս ներբեռնել համացանցում առկա ծրագրերը, որոնք հնարավորություն կտան անվճար ձայնագրվելու, իսկ դրա համար «լեգալ պիրատներին», փառքԱստծո, դեռ չեն դատում։
«Սավարշավանա» նախագիծը շահույթ չի հետապնդում, ռոքնռոլ է անում, իսկ ռոքնռոլի սիրահարների համար Youtube-ում իրենց երգերը անվճար ներբեռնելու հղումներ է ավելացրել։ Հասկացողները թող լսեն, ժպտան...
Մարիա Գևորգյան

Լուսանկարները՝ Անահիտ Մանուկյանի և Նազե Նազլումյանի











