Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանը համարում է, որ ապաքաղաքական լինելով հանդերձ դարձել է ռեժիմի թշնամին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց Հայկ Կյուրեղյանը:
«Ամբաստանյալի աթոռին եմ հայտնվել լինելով ապաքաղաքական անձնավորություն: Դարձել եմ ռեժիմի ոխերիմ թշնամին, ու պահանջում են 14 տարվա ազատազրկում իմ համար: Եթե սոցիալական խնդիրներ լինեին, ես այդ քայլին չէի գնա, բայց այստեղ այլ խնդիր է, այն խնդիրը, երբ զիջելու, նահանջելու տեղ չունի մարդ: Խնդիրը ռեժիմի ամենաթողությունն է, ես որպես մարդ թույլ չեմ տա, որ ամենաթողություն լինի: Իսկ եթե ռեժիմը փակում է քաղաքակիրթ ձեւով խնդիրները լուծելու ճանապարհը, ստիպված գեղական ձեւերով ենք սկսում պայքարել»,- ասաց Հայկ Կյուրեղյանը:
Հայկ Կյուրեղյանը իր ճառում քաղաքացիներին կոչ արեց պայքարի դուրս գալ, ու նշեց, որ եթե անգամ իրեն դատախազի պահանջածի պես 14 տարվա ազատազրկման դատապարտեն, չի կարծում, թե այդքան երկար կմնա անազատության մեջ:
«Դատախազը էս 14 տարին, որ իմ արարքի համար կրակեց, ակամայից հիշեցի Սերժ Սարգսյանի ընտրություններին ասածը, որ ինչքան ուզի էդքան էլ կխփի: Բայց ես խոստանում եմ, որ այդքան երկար չեմ նստելու, որովհետև այս ռեժիմն այդքան երկար կյանք չունի»,-ասաց Հայ Կյուրեղյանը:
Դատական նիստն ավարտվեց, հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայկ Կյուրեղյանը ներկա չէր նիստին, ինչի պատճառով էլ դահլիճում հավաքված նրա համակիրները աղմուկ էին բարձրացրել: Նիստն ընդմիջվել էր, տեղափոխվել այլ՝ ավելի փոքր դահլիճ եւ հետաձգվել մինչեւ 15:00-ն: Հայկ Կյուրեղյանին արդարացնելու պահանջով առավոտից դատարանի առաջ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին թույլ չտվեցին մասնակցել դատական նիստի երկրորդ հատվածին։
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան:











