Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հավաք-երթ էր անցկացնում Երևանում, երթի ժամանակ շեղվեց նախապես հայտարարած երթուղուց և Մաշտոցի պողոտայինց կտրուկ փոխեց ճանապարհը, ակտիվիստները  վազեցին Բաղրամյան պողոտա: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է , որ ոստիկանները  փորձեցին կասեցնել ակտիվիստների առաջխաղացումը, սակայն չհաջողվեց: Ակտիվիստները հասան Բաղրամյանի այն տարածք, որտեղ հունիս ամսին կառուցել էին իրենց բարիկադները և նստացույց արել: Սակայն այստեղ հանդիպեցին մի քանի շարք կազմած ոստիկանական պատին և կանգ առան:

Ակտիվիստների առաջին շարքերը միանգամից նստեցին գետնին, նրանք վանկարկում են «Ջուր ենք ուզում», «Նստացույց»: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրել է, որ կարգի կհրավիրի հասարական կարգը խախտողներին, հիշեցնելով, որ  նրանց երթը արտոնվել է մեկ այլ երթուղով, որում Բաղրամյան պողոտան չի եղել: Բաղրամյան պողոտան կրկին փակ է, երթեւեկությունը` դադարեցված։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին»–ին են միացել «Հիմնադիր խորհրդարանի», «Ոտքի Հայաստանի» անդամներ:
Նշենք, որ ըստ քաղաքապետարանի արտոնագրի՝  երթը պետք է անցկացվեր Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով եւ, Մաշտոցի պողոտայով, կավարտվի Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից:
Նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ կսուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին եւ մինչեւ 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին։
Նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am