Թայլանդի ռազմական ուսումնարաններից մեկի դասախոսները կոտրել են կուրսանտների սմարթֆոններն այն բանի համար, որ նրանք խախտել են կանոնները եւ ուսումնական հաստատություն տեխնիկա են բերել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
«Զինվորները պետք է դիմանան» անվանումով տեսանյութում, որը Facebook-ում հրապարակել է անհայտ օգտատերը, երեւում է, որ ռազմածովային ուժերի ուսումնարանի կուրսանտները շարք են կանգնել գետնին դրված սմարթֆոնների եւ բետոնե աղյուսների առջեւ: Կադրից դուրս լսվում է հրամանատարի ձայնը. «Դուք նոր եք գնել այս հեռախոսը, այնպես չէ՞: Հավանաբար՝ թանկարժեք է: Ո՞վ է արտադրել»:
Երբ կուրսանտները նշում են արտադրողների անունները, հրամանատարը հրահանգում է կքանստել, վերցնել բետոնե աղյուսներն ու կոտրել հեռախոսները:











