Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները իսկական անտեսանելի թիկնոց են ստեղծել: Բոլոր նախորդ տարբերակներից այն տարբերվում է իր չափսերով ՝ դրա հաստությունն ընդամենը 80 նանոմետր է:

Կալիֆոռնիական մասնագետների աշխատանքը ֆինանսավորվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից:Աշխատանքները հրապարակվել են  Science ամսագրում, դրանց մասին նաեւ պատմում է համալսարանի կայքը: Փորձերն արվել են միկրոսկոպիկ չափերի առարկաների վրա. մեծ թիկնոց ստեղծելու համար բավարար քանակության նանոալեհավաքների արտադրությունը դեռ հարթված չէ: Չնայած հետազոտողներն ի սկզբանե նման խնդիր չեն հետապնդել. ավելի կարեւոր էր մշակել բուն տեխնոլոգիան, ինչը նրանց հաջողվել է:Սա աշխարհի առաջին անտեսանելի թիկնոցն է, որը կաշվի նման ընդգրկում է եռաչափ օբյեկտը ու թաքցնում այն տեսանելի ճառագայթման ալիքների դիապազոնում, հայտնում է Nat-geo.ru -ն:

Որպես հիմք են վերցրել ոսկուց պատրաստված նանոալեհավաքները՝ պլազմոնային ռեզոնատորներ, որոնք վերափոխում են իրենց վրա ընկնող լույսը: Դա թույլ չի տալիս, որ թիկնոցի վրա ընկնող լույսը ցրվի ու տեսանելի դառնա դիտորդին: Դրա փոխարեն լույսը հետ է գնում ու վերածվում էներգիայի մյուս տեսակների: Նորից տեսանելի դառնալու անհրաժեշտության դեպքում կարելի է պարզապես փոխել նանոալեհավաքների բեւեռացումը: