47 տարի անց Լոռու մարզի Ուռուտ գյուղի  միջնակարգ  դպրոցի շրջանավարտները վերադարձել են դպրոց, նստել աշակերտական նստարաններին` վերհիշելով դպրոցական տարիները։

Թոշակառու աշակերտները խորհրդանշական դաս են անցկացնում դպրոցական բոլոր ավանդույթներով` ներկա–բացակա, ուշացումներ, հուշում, նկատողություն, նստելու տեղի համար կռիվ։

Արդեն իրենց թոռներին ու ծոռներին դպրոց ճանապարհող լոռեցիները դասարան են մտնում իրար ձեռք բռնած, զբաղեցնում են իրենց տեղերը, ամեն մեկը փնտրում է իր կողքին նստողին, ոմանք մենակ են մնում. դասարանցիների մի մասը Հայաստանում չէ, մի քանիսն էլ արդեն ողջ չեն։

Ժորա Մինասյանին աղջիկները նախկինի նման միանգամից վերջին շարք են ուղարկում. «Դու բոյով ես, հետ անցի»։

Տղաներից մեկն ուշացած է եկել դասի, ուսուցչուհու նկատողությանը պատասխանում է մանկական պատճառաբանությամբ. «Մեր տունը հեռու է»։ Ուսուցիչը ծնող է կանչում։

Վաղուց իրար չտեսած ու նորություններ փոխանակող համադասարանցիներին ուսուցչուհին պարբերաբար սաստում է. «Մի խոսեք»։

Աշակերտները չեն ենթարկվում, ուսուցչուհին իրենցից երիտասարդ է, իրենց ուսուցիչներն արդեն չկան։

Գեղեցիկը, Խալաթը, Հրազդանը, Համեստուհին, Նեկտարը, Ժուլվերը, Վալիկոն հիշում են` իրենք ժամանակ դպրոցն ուրիշ էր, անկյուն էին կանգնում նույնիսկ ուսուցչուհու հետեւից բարձր կանչելու համար։

Ուսուցիչներին բարկացնում էին, չէին սովորում, բայց նրանցից յուրաքանչյուրի մահվան լուրն ափսոսանքով են լսել։

Այն մասին, որ նույնիսկ պատիժներն ու երկուսներն են հիմա սիրով հիշում,  կպատմեն ողջ մնացած միակ`պատմության 92–ամյա ուսուցչին, որին տեսության կգնան դասերից հետո։