«Բարեւ ձեզ, իմ անունը Թոիվո է, ես տասնութ տարեկան եմ, ես գերմանացի կամավոր եմ Հայաստանում»։

Երեւանի Կենդանաբանական այգում որպես կամավոր աշխատող 18-ամյա գերմանացի Թոիվո Դեր Քուրցեն ոչ վարժ, սակայն հայերեն է ներկայանում. Հայաստանում աշխատելու 8 շաբաթների ընթացքում հասցրել է 400 հայերեն բառ սովորել։

Թոիվոն Հայաստան է եկել՝ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի»՝ FPWC-ի եւ International Youth Services՝ IJGD-ի մեկամյա կամավորական ծրագրի շրջանակում։ 

Մինչեւ Հայաստան գալը մեր երկրի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չի ունեցել, միայն գերմանական լրատվամիջոցներով Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հրապարակումներ է տեսել ու որոշել է դիմել ծրագրին մասնակցության համար` կենդանիների հետ աշխատելու եւ  Հայաստանը բացահայտելու հեռանկարով։

«Դպրոցն ավարտեցի, մեկ տարի ժամանակ ունեի նախքան բուհ ընդունվելը։ Հետաքրքրվում էի տարբեր ծրագրերով։ Հայաստան գալն ինձ հետաքրքրեց նրանով, որ գործ եմ ունենալու կենդանիների հետ, եւ ֆիզիկական աշխատանք եմ կատարելու։ Սա հիանալի հնարավորություն է ճանաչել Հայաստանը, քանի որ այս երկրի մասին Գերմանիայում շատերը չգիտեն, կամ շատ քիչ բան գիտեն»,- ասում է գերմանացի երիտասարդը։

Թոիվոն դեռեւս շատ բան չգիտի Հայաստանի մասին, բայց առաջին տպավորությունը դրական է. ասում է՝ Հայաստանը գեղեցիկ բնություն ունի, մարդիկ այստեղ սովորականից ավելի ընկերասեր ու հյուրընկալ են։

Թոիվոյին դուր է գալիս նաեւ հայկական խոհանոցը, հատկապես՝ խորովածը։

Գերմանացի կամավորը վեց ամիս կաշխատի Կենդանաբանական այգում, կկերակրի կենդանիներին, կմաքրի վանդակները, իսկ մյուս 6 ամիսը նմանատիպ աշխատանք կանի Ուրցաձորում։

Երիտասարդը հիմա արդեն գիտի, որ հայրենիք վերադառնալուց հետո ժամանակ առ ժամանակ կայցելի Հայաստան։

Թոիվոն Կենդանաբանական այգում աշխատող միակ գերմանացին չէ։ Նույն ծրագրով Հայաստան է եկել 18-ամյա Զուշ Լոհմանը։

«Ես ծրագիր էի ման գալիս բնության եւ կենդանիների հետ կապված, եւ գտա (FPWC) ծրագիրը, որն ինձ շատ հետաքրքրեց։ Սիրում եմ կենդանիներին, սիրում եմ ֆիզիկական աշխատանք անել։ Այդպես Երեանի Կենդանաբանական այգում որպես կամավոր աշխատանքի անցա, եւ ինձ շատ է դուր գալիս այս աշխատանքը»,-ասում է Զուշը։

Զուշին Հայաստանում ամենաշատը մարդիկ են դուր գալիս։

«Մարդիկ այստեղ շատ սրտաբաց ու հյուրընկալ են. համոզված չեմ՝ դա նրանից է, որ ես հյուր եմ, թե ես եմ նրանց դուր գալիս, բայց բոլորը ամբողջ ժամանակ «ջաաան» են ինձ ասում։ Անծանոթները միշտ հրավիրում են ինձ իրենց տուն ընթրիքի։ Դա ինձ համար իսկապես զարմանալի էր, երբ նոր էի տեղափոխվել այստեղ»,- ասում է աղջիկը՝ խոսքը երբեմն համեմելով հայերեն բառերով. փորձում է ամեն օր հարստացնել հայերենի իր բառապաշարը, որ կարողանա ավելի շատ շփվել մարդկանց հետ։

Զուշը հայկական ուտեստներից ամենաշատը լավաշն է սիրում. «Այնքան պրակտիկ է, ինչ ուզես կարող ես փաթաթել եւ ուտել»։ 

Թեեւ Զուշին շատերն են հորդորում Հայաստանում մնալ, սակայն մեկամյա կամավորական ծրագրի ավարտից հետո նա կվերադառնա Գերմանիա` շարունակելու ուսումը, բայց երբեմն կայցելի Հայաստան, այստեղ «շատ նոր ընկերներ է ձեռք բերել»։

Մարիա Գեւորգյան