2016-ի սկզբին հայկական խանութների վաճառասեղաններին հնարավոր կլինի տեսնել լիտվական առաջին արտադրանքը: NEWS.am-ին տված հարցազրույցում Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը ուրախությամբ խոսել է Հայաստանի եւ Եվրամիության հետ բանակցությունների նոր փուլի մեկնարկի մասին, անդրադարձել է հայ-լիտվական տնտեսական համագործակցությանը եւ հայերենով լավատեսություն է մաղթել.
Ձեր հարցազրույցներից մեկում դուք նշել էիք, թե Եվրամիությունը չի հեռացել Հայաստանից: Ինչո՞ւ: Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի եւ ԵՄ-ի ապագան:
Ես Հայաստան եմ եկել 2013-ին: Դա իմ երկրի համար առանձնահատուկ տարի էր, կարծում եմ` Հայաստանի համար եւս: Լիտվան նախագահում էր Եվրոպական միության խորհրդում: Եվ իհարկե, ինձ համար շատ հաճելի էր, որ 3,5 տարվա բանակցություններից հետո Հայաստանը ԵՄ-ի հետ պայմանավորվել էր նոր բանակցությունների մասին: Վիլնյուսում մենք շատ էինք սպասում, շատ հույս ունեինք, որ կստորագրվի եւ իհարկե մեզ` լիտվացիներիս համար մի քիչ ափսոս էր, որ 2013-ի աշնանը իրավիճակը փոխվեց:
Բայց մյուս կողմից մենք շատ լավ հասկանում ենք գեոպոլիտիկ իրավիճակը, այդ պատճառով հարգում ենք Հայաստանի որոշումը: Եվ չնայած չհաջողվեց Վիլնյուսում ստորագրել Ասոցացման պայմանագիրը, մենք անմիջապես սկսեցինք նայել դեպի ապագան եւ մտածել, թե ինչ կարելի է անել: Ես շատ ուրախ եմ եւ ուզում եմ Հայաստանին շնորհավորել, որ 2015-ի դեկտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության Գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին նոր էջ բացեցին մեր հարաբերություններում: Այդ պատճառով հավանաբար ճիշտ կլինի ասել, որ մենք կանք, կլինենք եւ եղել ենք: Եվ այժմ մենք ուղղակի հնարավորություններ ենք փնտրում` տեսնելու, թե որտեղ է հնարավոր համագործակցել, ինչ ոլորտներում եւ մինչեւ ինչ աստիճան: Ես շատ ուրախ եմ, որ բանակցությունները սկսվել են: Լիտվան ԵՄ-ի 28 երկրից մեկն է եւ իհարկե աջակցում է նախաձեռնությանը` ջանալով օգնել այս համագործակցությանը:
Խնդրում եմ, առանձնացրեք 2015-ի ընթացքում Հայաստանի եւ Լիտվայի գլխավոր ձեռքբերումները:
Ձեր հարցը շատ ժամանակին է, որովհետեւ այս 27-ին Վիլնյուսում կայացավ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի գլխավորած Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Հայաստանում իմ կեցության 2 տարվա ընթացքում ես անընդհատ վատատեսական կարծիքներ էի լսում, որ մենք ընդհանուր ոլորտներ, ընդհանուր հետաքրքրություն չենք գտնի, բայց մենք ապացուցեցինք, որ հետաքրքրություններ կան եւ դրանք շատ լայն են: Արձանագրությունում, որը Վիլնյուսում ստորագրել ենք, մենք նույնիսկ 11 ոլորտ ենք թվարկել, որոնց վերաբերյալ աշխատելու ենք 2016-ին:
Միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է: Ես ուզում եմ այդ առիթով շնորհավորել ինչպես հայ, այնպես էլ լիտվացի ժողովրդին, որովհետեւ դա նախ եւ առաջ կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները: Իմ լավատեսական տրամադրությանը նպաստել են նաեւ բիզնեսի ներկայացուցիչների պատվիրակությունների այցելությունները: Հայաստան այցելած ամենաուժեղ պատվիրակություններից մեկը Լիտվայի Աշխատանքի եւ արդյունաբերողների Կոնֆեդերացիայի նախագահ Ռոբերտաս Բերգեսի գլխավորած պատվիրակությունն էր: Նա 2015-ի մարտին 20 գործարարի հետ Հայաստան եկավ եւ տեսավ մեր տնտեսական համագործակցության շատ մեծ ներուժը: Չեմ ուզում գլուխ գովել, բայց կարծում եմ, որ 2016-ի սկզբին դուք հայկական խանութների վաճառասեղաններին կտեսնեք լիտվական առաջին արտադրանքը: Դա 2015-ին Հայաստանի եւ Լիտվայի միջեւ տնտեսական շփումների ոլորտում ամենամեծ ձեռքբերումը կլինի:
Պիտի նշեմ նաեւ, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ գործնականում 3 պայմանագիր է նախապատրաստված` Սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության պայմանագիր, Առողջապահության ոլորտում համագործակցության պայմանագիր, Վերաընդունման պայմանագրին կից արձանագրություն: Այդ 3 պայմանագրերը կկնքվեն ծայրահեղ դեպքում 2016 թվին:
Ինչո՞վ է առանձնանում լիտվական Նոր տարին:
Մեզ մոտ ամենակարեւոր տոնը նշվում է Սուրբ ծննդի նախօրեին: Դա շատ հին տոն է: Ընտանիքի ավանդական հավաքն է սեղանի շուրջ: Հատուկ պասուց սնունդ է պատրաստվում: Այդ երեկո մենք միս չենք ուտում, կարող է ձուկ լինել, պասուց ուտեստներ: Դեկտեմբերի 31-ի տոնն արդեն երկրորդ պլան է գնում. դա այնպես չի տոնվում, ինչպես խորհրդային ժամանակ: Տարվա մեջ մեզ համար ամենակարեւոր օրը դեկտեմբերի 25-ն է:
Ձեր մաղթանքները Հայաստանին եւ հայ ժողովրդին:
Ես կուզեի Հայաստանին հավատ մաղթել` հավատ ապագայի նկատմամբ եւ լավատեսություն: Երբեմն շարքային մարդկանց հետ խոսելիս ես վատատեսություն եւ հիասթափություն եմ զգում: Պետք է քաջալերել մարդկանց, որ միշտ հավատան, որովհետեւ հավատը կարող է սարեր շարժել: Հատկապես ի դեմս երիտասարդության, ես շատ մեծ ներուժ եմ տեսնում: Դա ֆանտաստիկ ներուժ է, որ ունի Հայաստանը: Այդ պատճառով` ավելի մեծ հավատ ապագայի նկատմամբ, դա է իմ ամենամեծ մաղթանքը:











