Շիրակի մարզի Փանիկ գյուղում այսօր` փետրվարի 7-ին, տեղի է ունեցավ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 4-ի գիշերը զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավռշյանի հոգեհանգստի արարողությունը (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ հոգեհանգստի արարողությանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ բարձրաստիճան սպաներ, քաղաքական գործիչներ:

NEWS.am-ի հետ զրույցում Սիմոն Ճավռշյանի ծառայակից ընկեր, համագյուղացի Ժորա Մարտիրոսյանը նշեց, որ ընկերոջը դիրքեր բարձրանալուց մեկ օր առաջ էր տեսել.

«Դեպքից մեկ օր առաջ եմ իրեն տեսել, բարեւեցի,  ասաց, որ բարձրանում է դիրքեր, նրան  հաջողություն մաղթեցի:  Սիմոնը զորամասում իր հերոսություններով էր աչքի ընկնում, ես որ գնացի, նա արդեն ծառայում էր: Ուրախացել էի, որ իր հետ եմ ծառայելու, շատ բաներ սովորեցի իրենից»,-ասաց Ժորան:

Նշենք, որ Սիմոն Ճավռշյանի մարմինը հողին կհանձնեն փետրվարի 8-ին գյուղի գերեզմանատանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03.55-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 20-ամյա Սիմոնը գարնանը պետք է զորացվեր: