NEWS.am–ը ներկայացնում է փետրվարի 19–ի գլխավոր լուրերը` «մեկ տողով»։

ՏԿԱԻՆ–ը դարձավ ԱԻՆ։ Ազգային ժողովն այսօր ընդունեց կառավարության առաջարկը. նախարարությունը կկիսեն, կեսը կտան դաշնակցականներին։ Մինչեւ քվեարկությունը նիստերի դահլիճում թեժ ելույթներ հնչեցին։ Հանրապետականը, սակայն, չի նեղվում. վստահ են, որ նախանձից են քննադատում։ Հանրապետականի եւ ՀՅԴ–ի կոալիցիայի ապագայի մասին ամենապատկերավորը արտահայտվել է Սեյրան Սարոյանը։

Սերժ Սարգսյանն ակտիվացնում է արտաքին տնտեսական օրակարգը։ Արտերկրում Հայաստանի դեսպանների հետ մենարկած խորհրդակցություների առաջին օրը նվիրված էր Իրան–Հայաստան հարաբերություններին։ Առանցքային հարցը` ի՞նչ հնարավորություն ունի Հայաստանը դառնալու տարանցիկ գերակա ուղի` Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստների հետ կապելու ճանապարհին: Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հիշեցրել է, որ Իրանը Հայաստանի համար կարեւոր դեր է առանձնացրել աշխարհաքաղաքական իր նոր ծրագրերում։ Թեհրանը հայտարարել է 4 միջանցքների պետական քաղաքականության մասին: Դրանցից մեկը Հայաստանով է անցնում:

Ապրիլի 22–ին երկօրյա այցով Հայաստան կժամանեն դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը` հայտնի փաստաբան Ամալ Քլունին։ Աստղային զույգը Հայաստան է գալու Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու։ Նրանք ներկա կլինեն «Ավրորա» առաջին մրցանակաբաշխությանը, որը նախաձեռնել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։ Մրցանակը շնորհվի մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգել են՝ ուրիշներին փրկելու համար։

Արտակարգ դեպք Արցախում։ Մահացել է 19–ամյա երկու զինծառայող։ Նախնական տվյալով` վաղ առավոտյան շարքային Թեմուր Սլոյանն իրեն ամրակցված գնդացրից կրակել է մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքին,  հետո էլ` իր գլխին։ Երկուսն էլ մահացել են։ Թեմուրը Պռոշյանից էր, տան միակ արու զավակը, զորակոչվել էր վեց ամիս առաջ։  Կամոն Արցախի Շահումյանի շրջանից էր, գյուղապետի որդի։ Կատարվում է քննություն։ 

Նախօրեին մահացած զինծառայող Դավիթ Տերտերյանի գործով նոր զարգացումներ կան։ Կասկածներ կան, որ նրան ինքնասպանության են հասցրել։ Պաշտոնական այս վարկածը 19–ամյա Դավիթի հարազատները բացառում են։ Նախորդ օրը ծնողների հետ խոսելիս տղան բարձր տրամադրություն է ունեցել, եւ ոչնչից չի դժգոհել։

Վարդգես Գասպարիին կալանավորել են։  Քաղաքացիական ակտիվիստին առավոտյան տնից են բերման ենթարկել։ Գասպարիի կինը տեղակ չէ` ինչ գործով են ամուսնուն ոստիկանություն տարել։ 

Մալաթիայում տղամարդու դի են գտել` փողոցում ընկած։ NEWS.am–ը պարզել է, որ մահացածը 31-ամյա Կառլեն Ակունցն է։  Ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ։  Նախնական զննությամբ` երիտասարդի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։

Նեպալի գյուղերից մեկում դպրոցականներն ամեն օր իրենց կյանքը վտանգելով են դպրոց հասնում։ Տրիսուլի գետը երեխաներն անցնում են բարակ ճոպաններից կախված։ Ճոպանների պոկվելու հետեւանքով գյուղում մահվան տասը դեպք է գրանցվել։ Բայց ուսման ծարավն ամեն օր երեխաներին այս մահաբեր գետն է բերում։

No Comment. Զարուհի Փոստանջյանը փորձում է հաշվել։ 

Դոլարի, եվրոյի, ռուբլու եւ ֆունտի փոխարժեքները նվազել են: Դոլարն այսօր կազմել է 495, եվրոն` 549, բրիտանական ֆունտը` 708, ռուսական ռուբլին` 6.48 դրամ։

Հայաստանի շրջանների մեծ մասում փետրվարի  20-ին տեղումներ են սպասվում, Երեւանում` նույնպես։ Ջերմաստիճանը մայրաքաղաքում մի փոքր կնվազի` +12: