Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը՝ դառնալու տարանցիկ գերակա ուղի Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստների հետ կապելու այդ ճանապարհին: Այս մաիսն, այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների եւ առաքելության ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այսօրվա խորհրդակցությունը նվիրվում է Իրանին:

Դիմելով ներկաներին, մասնավորապես Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին, Սերժ Սարգսյանը նշել է.

««Հարգելի՛ գործընկերներ, ակնհայտ է, որ ես պարբերաբար արտաքին քաղաքականության հարցերով հանդիպում եմ ոլորտի պատասխանատուների հետ եւ բնական է, որ այդ ընթացքում առանձին հանդիպումներ եմ ունենում արտերկրում մեր դեսպանների ու միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այսօրվա մեր հանդիպման ձեւաչափը փոքր-ինչ այլ է. այն դառնալու է մշտական աշխատանքային ձեւաչափ եւ նպատակ ունի բարձրացնելու մեր դեսպանների հաշվետվողականության աստիճանը: Եվ երկրորդ, որ քիչ կարեւոր չէ՝ քննարկելու դեսպանի կողմից բարձրացված հարցերը, խնդիրները, որոնք խոչընդոտում են մեր հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելուն: Պարո՛ն Թումանյան, այսօր աշխատանքը սկսում ենք Ձեզանից, եւ կցանկանայի, որպեսզի Դուք հանգամանալից զեկույց ներկայացնեք բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօրվա մեր հարաբերությունների վիճակի եւ այդ հարաբերությունների ապագայի մասին՝ շեշտադրելով առաջին հերթին տնտեսական բաղադրիչը: Կցանկանայի, որպեսզի Դուք մեզ տեղեկացնեք հետեւյալ խնդիրների մասին. առաջին՝ բնական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նախկինում գործադրված պատժամիջոցները կամ խոչընդոտները վերացնելուց հետո մեծ հնարավորություններ են բացվում, եւ բազմաթիվ ոլորտներում նախանշվում են նոր ծրագրեր: Կուզենայի հասկանալ, թե ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը՝ դառնալու տարանցիկ գերակա ուղի Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստների հետ կապելու այդ ճանապարհին: Ակնհայտ է, որ այստեղ մենք մեր անելիքը պատկերացնում ենք, ոչ միայն պատկերացնում ենք, այլ սկսել ենք նաեւ շատ գործնական քայլեր: Մեր ոչ մեծ հնարավորություններով արդեն իսկ հատկացրել ենք հարյուրավոր միլիոններ, որպեսզի կարողանանք մոտակա 3-4 տարիների ընթացքում կառուցել Հյուսիս-հարավ մայրուղին, որը Վրաստանի հյուսիսային սահմանը կկապի Իրանի հարավային սահմանի հետ, եւ այն ճանապարհը, որ այսօր մեր տրանսպորտն անցնում է հինգուկես ժամում՝ երկու անգամ կկրճատվի: Մենք միջոցներ ենք ձեռնարկում հնարավորություն գտնելու նաեւ երկաթուղային հաղորդակցություն ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ, բայց կարծում եմ, սա բավարար չէ: Կցանկանայինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում իրանական կողմը, ի՞նչ հավելյալ քայլեր կարող ենք անել, որպեսզի, ինչպես ասացի, Հայաստանը դիտարկվի որպես գերակա տարանցիկ ուղի, որովհետեւ, կարծում եմ, շատ-շատերը գիտեն, որ սա ոչ միայն իրանական տրանսպորտի անցում է Հայաստանի ճանապարհներով, այլ շատ լուրջ խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Երկրորդ խնդիրը, որ կցանկանայի ուշադրության արժանանար՝ մեր համագործակցությունն է էներգետիկ ոլորտում: Անշուշտ, այդ համագործակցությունը սկսվել է շատ վաղուց, բայց հիմա մենք հասել ենք մի հանգրվանի, երբ կոնկրետությունը մեծ է եւ շատ խոստումնալից: Այստեղ եւս մենք մեր անելիքը գիտենք: Գիտենք, որ պետք է ստեղծենք հավելյալ ենթակառուցվածքներ, ստեղծենք հավելյալ գեներացիոն հնարավորություններ: Դուք գիտեք, որ այդ աշխատանքն ընթացքի մեջ է: Կցանկանայի տեսնել՝ կա՞ն արդյոք խոչընդոտներ: Ինչպես եւ նախանշվում էր, մենք երկու տարվա ընթացքում կունենանք մեծ թողունակության ենթակառուցվածքներ: Այս ծրագրերը շատ մեծ ազդեցություն կունենան ինչպես մեր էներգետիկ անվտանգության, այնպես էլ սոցիալական առումով:

Հաջորդ հարցը, որ կցանկանայի Ձեր զեկույցի ուշադրության կենտրոնում լիներ՝ Հայաստանի ներդրումային հնարավորություններն են, առավել եւս, որ Հայաստանը միակ ԵՏՄ անդամ երկիրն է, որ ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այստեղ էլ պետք է հասկանանք՝ որո՞նք են Իրանի Իսլամական Հանրապետության գործարար շրջանակների ակնկալիքները, մենք հավելյալ ի՞նչ պետք է անենք, որպեսզի նրանք շահագրգռված լինեն Հայաստանում ներդրումներ կատարելու եւ իրենց արտադրանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵՏՄ եւ նաեւ՝ ԵՄ տարածքներում իրացնելու, որովհետեւ մենք ունենք շատ նպաստավոր առեւտրային ռեժիմներ:

Հաջորդ հանգամանքը, որ մեզ համար դարձյալ կարեւոր է՝ ապրանքների եւ տրանսպորտի անարգել մուտքն է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք՝ 80 միլիոնանոց մեծ հնարավորություններով վճարունակ շուկա: Դա մեզ համար կարող է լինել շատ մեծ խթան ոչ միայն Հայաստանի գործարարների, այլ նաեւ արեւմտյան երկրների գործարարների համար: Ընդ որում` արեւմտյան երկրների գործարարները, ովքեր պետք է ներդրումներ կատարեն Իրանի Իսլամական Հանրապետությունում, ունեն նաեւ հնարավորություններ Հայաստանը որպես հանգրվանային հարթակ դիտարկելու եւ իրենց գործունեությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում ծավալելու համար»:

Ի պատասխան Արտաշես Թումանյանը նշել է.

«Մեծարգո՛ նախագահ, Ձեր հանձնարարականի համաձայն, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը եղել են մշտական հսկողության տակ, եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ այս պահին դրանց մի մասը կատարման ընթացքում է: Ես հետագայում իմ խոսքում ավելի մանրամասն կանդրադառնամ որոշ ծրագրերի հարցադրումներին, որ կուզենայի այս ձեւաչափով արծարծվեր, բայց մի քանի նախնական բան կուզենայի այս պահին ասել: Առաջինը նշեմ, որ կարեւոր ենթակառուցվածքային ծրագիրը, որը մեզ համար համակարգային նշանակություն ունի ամբողջ էկոնոմիկայի, էներգետիկ համակարգի արդյունավետության եւ հուսալի աշխատանքի համար՝ երրորդ բարձրավոլտ գծի կառուցումն է, որի ֆինանսավորման հարցը լուծվել է նաեւ Ձեր ջանքերով: Հիմա ծրագիրը շինարարության ընթացքի մեջ, եւ 2018թ. գրաֆիկով սահմանված ժամկետում կավարտվի: Սա մեզ համար կարեւոր նորություն է:

Հաջորդ խնդիրը կապված է մեր տրանսպորտային միջանցքի հետ: Այն մեզ համար արմատական նշանակություն ունի: Երբ վերջերս ՀՀ տրանսպորտի նախարար պարոն Բեգլարյանն իր գործընկերոջ հրավերով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում, զանգվածային լրատվության միջոցների առջեւ պաշտոնապես հայտարարվեց, որ Իրանն իր կողմից հայտարարում է 4 միջանցքների պետական քաղաքականության մասին: Դրանցից մեկը Հայաստանի Հանրապետությունով է անցնում: Դա կարեւոր հայտարարություն էր, որը նաեւ տեղավորվում է ավելի գլոբալ աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ:

Ուզում եմ նաեւ մի հարցի անդրադառնալ, որին Դուք, պարոն Նախագահ, հղում կատարեցիք, եւ որը Ձեր հանձնարարականների մեջ է մտնում: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք հետեւյալ սկզբունքների վրա՝ մեր տարածաշրջանում երկու կարեւորագույն քաղաքական իրողություններ են տեղի ունեցել, առաջին՝ Իրանի նկատմամբ վերացվել են միջազգային տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները, եւ երկրորդ, որը մեզ համար շատ կարեւոր է՝ մեր երկիրը դարձել է ԵԱՏՄ անդամ: Սա մեզ համար սկզբունքային է մեր տնտեսական խնդիրները կառուցելու համար»:

Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների եւ ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին եւ համապատասխան գերատեսչություններին:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: