Եվրամիություն ուղևորվող ճանապարհորդներին նախազգուշացրել են, որ սեպտեմբերի 6-ին եվրոպական EES մուտքի-ելքի համակարգի ներդրման ընթացքում գործող մեղմացումների ժամկետի ավարտից հետո սահմաններին հնարավոր է կրկին երկար հերթեր գոյանան, հայտնում է The Guardian-ը։

Միևնույն ժամանակ, ավիացիոն ոլորտի աղբյուրները կարծում են, որ ԵՄ մի շարք երկրներ առայժմ ամբողջ ծավալով չեն կիրառի պարտադիր բիոմետրիկ ստուգումները։

Ավիաընկերությունները նախորդ շաբաթ Եվրահանձնաժողովին կոչ էին արել մինչև 2026 թվականի վերջ երկարաձգել պետությունների իրավունքը՝ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես դադարեցնելու EES ստուգումները։ Սակայն Բրյուսելն առայժմ չի երկարաձգել այս մեխանիզմի գործողությունը։

EES համակարգը նախատեսում է Շենգենյան գոտի մուտք գործելիս և այնտեղից դուրս գալիս ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների գրանցում՝ բիոմետրիկ տվյալների, ներառյալ մատնահետքերի, ֆիքսմամբ։ Դրա փուլային ներդրումն արդեն հանգեցրել էր որոշ եվրոպական օդանավակայաններում լուրջ հերթերի, որոնց պատճառով ուղևորներն ուշանում էին չվերթներից։

Միաժամանակ ամառային սեզոնի թեժ շրջանում հաջողվել է խուսափել ամենալուրջ ուշացումների կրկնությունից, ինչը զբոսաշրջային և ավիացիոն ոլորտների ներկայացուցիչները կապում են նաև բիոմետրիկ հսկողության պահանջների ժամանակավոր մեղմացման հետ։

Մեծ Բրիտանիա - Ֆրանսիա ուղղությամբ հաջորդ շաբաթ նույնպես էական փոփոխություններ չեն սպասվում։ Պատճառը ֆրանսիական իշխանությունների պատվիրած EES ծրագրային ապահովման տեխնիկական խնդիրներն են։ Eurotunnel-ի, Դովերի նավահանգստի և Լոնդոնի Սենթ-Փանկրաս կայարանում Eurostar-ի տեղադրած մատնահետքեր վերցնելու սարքավորումները դեռևս ամբողջական ռեժիմով չեն աշխատում։

Eurostar-ում հայտարարել են, որ EES-ում գրանցումը կշարունակվի սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ձեռքով։ Eurotunnel-ում հայտնել են, որ պատրաստ են անցնել լիարժեք բիոմետրիկ ստուգման անմիջապես ֆրանսիական իշխանություններից պաշտոնական թույլտվություն ստանալուց հետո։

Իրավիճակին ծանոթ ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ փոխադրողները ուշադիր կհետևեն իրավիճակին, սակայն չեն ակնկալում նոր կանոնների լիարժեք կիրարկում եվրոպական խոշորագույն օդանավակայաններում։ Ըստ նրա, բրիտանացի զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի երկրներում, մասնավորապես Հունաստանում, սահմանապահները փաստացի չէին պահանջում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներից անցնել բիոմետրիկ գրանցում, որպեսզի հերթեր չառաջանան, և նման գործելակերպը կարող է պահպանվել։

Բրիտանական Abta զբոսաշրջային ասոցիացիան շարունակում է Եվրահանձնաժողովին կոչ անել սեպտեմբերից հետո պահպանել ստուգումները ժամանակավորապես դադարեցնելու հնարավորությունը, քանի որ EES համակարգը դեռևս ամբողջությամբ և հավասարաչափ չի գործում բոլոր մասնակից երկրներում։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) նույնպես պահանջել է պաշտոնապես երկարաձգել անցումային շրջանը։ Նրա արտաքին կապերի բաժնի ղեկավար Թոմաս Ռեյնարտը նշել է, որ EES-ի հետ կապված ուշացումներն արդեն հանգեցրել են բացթողնված չվերթների և կապային թռիչքների, ինչպես նաև լրացուցիչ ծախսեր են ստեղծում ավիաընկերությունների համար։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ շարունակում է աշխատել ԵՄ մի քանի երկրների հետ, որտեղ առանձին անցակետերում անհրաժեշտ են լրացուցիչ ճշգրտումներ։ Բրյուսելը նաև պատրաստ է այս պետություններին լրացուցիչ աջակցություն ցուցաբերել համակարգի տեխնիկական հարմարեցման ժամանակահատվածում։