Ինդոնեզիայի գլխավոր միջազգային օդանավակայանի՝ Ջակարտայի մերձակայքում գտնվող Սուկարնո-Հատտայի աշխատանքը դադարեցվել է այն բանից հետո, երբ ժայթքող Անակ-Կրակատաու հրաբխի մոխիրը հասել է օդանավակայանի օդային տարածք, որը հրաբխից գտնվում է ավելի քան 150 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է AFP-ն։
Դրա պատճառով խափանվել են տասնյակ հազարավոր ուղևորների ծրագրերը։
Անակ-Կրակատաուն սկսել է ժայթքել շաբաթ օրը՝ արտանետելով լավա և ուղեկցելով ժայթքումը բարձր ձայներով, որոնք, Ինդոնեզիայի երկրաբանական գործակալության տվյալներով, լսվել են մինչև 700 կիլոմետր հեռավորության վրա։ Կիրակի օրը մասնագետները գրանցել են ևս երկու ժայթքում։
Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է տեղական ժամանակով 01:30-ին։ Սկզբում սահմանափակումները պետք է գործեին մինչև 09:30, սակայն ավելի ուշ դրանք երկարաձգվել են ևս չորս ժամով՝ հրաբխային ակտիվության ուժեղացման պատճառով։
Ինդոնեզիայի տրանսպորտի գերատեսչության տվյալներով, օդանավակայանի աշխատանքի դադարեցումը անդրադարձել է ավելի քան 22 հազար ուղևորի և 209 չվերթի վրա։ Հատկապես լուրջ խափանումներ են առաջացել Սինգապուր մեկնող և այնտեղից վերադարձող երթուղիներում։ Տուժել են նաև Դոհա, Սիդնեյ և Կուալա Լումպուր չվերթները։ Բացի այդ, իշխանությունները չեղարկել են առնվազն 16 ներքին չվերթ Բալիում։
Իշխանությունները Յավա և Սումատրա կղզիների միջև գտնվող նեղուցով անցնող նավերին զգուշացրել են հրաբխային ակտիվության պատճառով նավարկության անվտանգության հնարավոր խախտումների մասին։ Արգելվում է հրաբխին մոտենալ երեք կիլոմետրից ավելի մոտ։
Անակ-Կրակատաուն, որի անվանումը նշանակում է «Կրակատաուի զավակ», պարբերաբար ակտիվություն է ցուցաբերում XX դարի սկզբից։ Հրաբուխը ձևավորվել է 1883 թվականին Կրակատաուի աղետալի ժայթքումից հետո մնացած կալդերայում։ Այդ ժամանակ, պատմաբանների գնահատմամբ, զոհվել է մոտ 35 հազար մարդ։
Ինդոնեզիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրե օղակում՝ բարձր հրաբխային և սեյսմիկ ակտիվության գոտում, որը կապված է լիթոսֆերային սալերի փոխազդեցության հետ։





























