Հունգարիան անիրատեսական է համարում մինչև 2030 թվականը Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, մինչդեռ Լիտվան կարծում է, որ դա հնարավոր է բարեփոխումների արագացված իրականացման պայմանով։ Դրա մասին հինգշաբթի Վիլնյուսում անցկացված հանդիպմանը հայտարարել են երկու երկրների արտգործնախարարներ Անիտա Օրբանը և Կյաստուտիս Բուդրիսը, հաղորդում է LRT-ն։

«Մենք դա իրատեսական չենք համարում»,- ասել է Հունգարիայի արտգործնախարարը՝ պատասխանելով մինչև 2030 թվականը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորության մասին հարցին։ Միաժամանակ նա վերահաստատել է աջակցությունը Ուկրաինայի անդամակցության հայտին և ընդգծել, որ բոլոր թեկնածու երկրները պետք է կատարեն միևնույն պահանջները։

Օրբանը նշել է, որ Բուդապեշտը դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգին։ Նա ասել է, որ Կիևն արդեն զգալի առաջընթաց է գրանցել. բանակցային վեց կլաստերներից չորսը բացվել են։ Բանակցություններում առաջընթացի մի մասը նախարարը կապել է Հունգարիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունների բարելավման, ինչպես նաև Անդրկարպատիայում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանության մասին համաձայնագրի հետ։

Լիտվայի արտգործնախարար Կյաստուտիս Բուդրիսն ավելի լավատեսական գնահատական է տվել Ուկրաինայի հեռանկարներին։ Նրա կարծիքով՝ 2030 թվականը պետք է սահմանել որպես անդամակցության նպատակային ժամկետ։

Բուդրիսը կարծում է, որ տեսականորեն հնարավոր է գործընթացն ավարտել այդ ժամկետում, եթե Ուկրաինան բավական արագ իրականացնի անհրաժեշտ բարեփոխումները, իսկ Եվրամիությունը ժամանակին կատարի իր բաժին աշխատանքը։

Այսպիսով, Վիլնյուսն ու Բուդապեշտը կողմ են Ուկրաինայի անդամակցությանը՝ սահմանված պահանջների կատարման հիման վրա, սակայն տարբեր կերպ են գնահատում, թե որքանով է իրատեսական այդ գործընթացն ավարտել մինչև 2030 թվականը։