Ryanair ավիաընկերությունը «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Մարսել Կվեկեմայերին մերժել է Մայորկա մեկնող ինքնաթիռ նստել՝ Մյունստեր/Օսնաբրյուկ օդանավակայանում նրա վարքի պատճառով, գրում է Welt-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքական գործիչը միջամտել է ուղեբեռի շուրջ մեկ այլ ուղևորի և ավիաընկերության աշխատակցի միջև վեճին ու սուր քննադատություն հնչեցրել։
Ստորին Սաքսոնիայում AfD-ի տարածքային կառույցը հաստատել է կատարվածը։ Ինքը՝ Կվեկեմայերը, իրավիճակը հրապարակավ դեռ չի մեկնաբանել։
Ryanair-ում հայտարարել են, որ ուղևորին փոխադրելուց հրաժարվելու որոշումը հիմնավորված էր։
«Այս ուղևորի ոչ պատշաճ վարքի պատճառով Մյունստերի օդանավակայանի նստեցման ելքի աշխատակիցը հիմնավոր կերպով մերժել է նրան փոխադրել Մյունստերից Պալմա դե Մայորկա չվերթով»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։
Ընկերությունն ընդգծել է, որ ուղևորների՝ վարքագծի կանոնների խախտումների նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարում։ Ryanair-ը նաև հայտարարել է, որ շարունակելու է կանխել նման դեպքերը՝ բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների համար ճանապարհորդության ընթացքում հարգալից ու հանգիստ մթնոլորտ ապահովելու համար՝ առանց ավելորդ բախումների։
Թե կոնկրետ ինչ է ասել 46-ամյա պատգամավորը, հայտնի չէ։ Ստորին Սաքսոնիայում AfD-ի կառույցի ներկայացուցիչը պնդում է, որ Կվեկեմայերը անձամբ չի վիրավորել ավիաընկերության աշխատակցին և նրան նվաստացուցիչ վերաբերմունքի չի արժանացրել։
Նրա ասելով՝ քաղաքական գործչի քննադատությունը վերաբերում էր բացառապես սպասարկման որակին, չվերթի զգալի ուշացմանը և ավիաընկերության խիստ պահանջներին, այլ ոչ թե գրանցման սեղանի մոտ աշխատող կոնկրետ աշխատակցին։
Միաժամանակ կուսակցության ներկայացուցիչն ընդունել է, որ ուղևորին կարող են չթույլատրել թռչել նույնիսկ ավիաընկերության կանոններն ու սպասարկման գործելակերպը սուր քննադատելու համար։
Կվեկեմայերը 2022-2025 թվականներին եղել է Ստորին Սաքսոնիայի խորհրդարանի պատգամավոր, որից հետո անցել է Բունդեսթագ։ Բացի դրանից, նա ղեկավարում է AfD-ի՝ Օսնաբրյուկ-Լանդի շրջանային կառույցը։



























