Պիրենեյան թերակղզու բնակիչները դեռ մոտ 7000 տարի առաջ ընտանի այծերի կաշին էին օգտագործում։ Նման եզրակացության են հանգել հետազոտողները՝ ուսումնասիրելով Իսպանիայի հարավում գտնվող գերեզմանում հայտնաբերված կաշվի հնագույն նմուշը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One հանդեսում։

Կաշվի բեկորը հայտնաբերվել է Կուևա դե լոս Մուրսիելագոս քարանձավում։ Ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ այն պատկանում է վաղ նեոլիթի դարաշրջանին։ Գիտնականների կարծիքով՝ կաշին կարող էր հագուստի կամ պաշտպանիչ ծածկույթի մաս լինել։ Նմուշի վրա հայտնաբերվել են մշակման հետքեր և ծակվածքներ, իսկ առարկան գերեզմանում դրվել էր մարդկային աճյունների հետ միասին։

Հետազոտողներին հաջողվել է նյութից անջատել միտոքոնդրիումային և կորիզային ԴՆԹ։ Չնայած գենետիկական նյութի խիստ մասնատվածությանը՝ վերլուծությունը ցույց է տվել, որ կաշին պատկանել է ընտանի այծի։ Գենետիկական հատկանիշներով հնագույն կենդանին մոտ է եղել ժամանակակից իսպանական բերմեյա ցեղատեսակին, որը տարածված է երկրի հյուսիսում։

Դա վկայում է այն մասին, որ թերակղզու բնակիչները դեռ նեոլիթի դարաշրջանում բուծում էին ընտանի այծեր և օգտագործում դրանց մորթիները, այլ ոչ թե բացառապես վայրի լեռնային այծեր էին որսում։ Արդյունքները մատնանշում են նաև հնագույն կենդանիների և ժամանակակից իսպանական որոշ ցեղատեսակների միջև գենետիկական շարունակականությունը։

Միաժամանակ գիտնականները հետազոտված նմուշում աֆրիկյան ծագման գենետիկական հատկանիշներ չեն հայտնաբերել, որոնք առկա են ժամանակակից եվրոպական այծերի մոտ։ Դա կարող է վկայել այն մասին, որ Իբերիայի և Աֆրիկայի միջև կապերը, որոնք ազդել են ընտանի կենդանիների գենետիկական կազմի վրա, ամրապնդվել են ավելի ուշ։ Սակայն հեղինակներն ընդգծում են, որ պահպանված գենետիկական տվյալները բավարար չեն վերջնական եզրակացությունների համար։

Հետազոտողները նշում են, որ տաք շրջաններում օրգանական նյութերը հազվադեպ են պահպանվում։ Կաշվի մեջ հնագույն ԴՆԹ-ի հայտնաբերումը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ոչ միայն անասնապահության պատմությունը, այլև նյութերի մշակման տեխնոլոգիաները, որոնցից օգտվել են նախապատմական մարդիկ։