Առաջադիմական քաղաքական գործիչ Նիթյա Ռամանը ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Լոս Անջելեսի գործող քաղաքապետ Կարեն Բասին, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով սեփական կանխատեսումը։ Ամերիկայի դեմոկրատ սոցիալիստների 45-ամյա ներկայացուցչի հաղթանակը լուրջ պարտություն դարձավ Կալիֆոռնիայի քաղաքական վերնախավի երկարամյա ներկայացուցչի համար։

Քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքաշինարար Ռամանը քննադատում էր Բասի վարչակազմին՝ անօթևանության խնդիրը լուծելու և բնակարանների գների աճը զսպելու անկարողության համար։ Նա կոչ էր անում հրաժարվել «չգործող ստատուս քվոյից» և լայնածավալ վերափոխումներ իրականացնել քաղաքի կառավարման համակարգում։ Բասն իր հերթին հայտարարում էր, որ քաղաքային խորհրդում վեց տարի աշխատելուց հետո Ռամանը դեռ պատրաստ չէ ղեկավարել մեգապոլիսը։

Գործող քաղաքապետը քննադատության էր ենթարկվել 2025 թվականի հունվարին Փասիֆիք Փալիսեյդս թաղամասում բռնկված ավերիչ հրդեհին իշխանությունների արձագանքի պատճառով։ Այդ ժամանակ Բասը Գանայում էր՝ նախագահի երդմնակալության արարողությանը։ Հրդեհը ոչնչացրել էր հազարավոր տներ և խլել 12 մարդու կյանք։

Թեկնածուների տեսակետները տարբերվում էին նաև Գազայի հատվածում Իսրայելի մղած պատերազմի հարցում։ Ռամանը համաձայնել էր այն պնդմանը, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացրել, մինչդեռ Բասը մերժել էր նման գնահատականը։

Ռամանը ծնվել է Հնդկաստանում և մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ։ Նա սովորել է Հարվարդի համալսարանում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Նրա ապագա վարչակազմը պետք է Լոս Անջելեսը նախապատրաստի 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերին, ինչը լուրջ աշխատանք կպահանջի տրանսպորտի, ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտներում։

Ռամանի հաղթանակը նշանակում է, որ ամերիկյան երեք խոշոր քաղաքներ կղեկավարեն դեմոկրատ սոցիալիստների շարժմանն առնչվող քաղաքական գործիչներ։ Նա կմիանա Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիին և Վաշինգտոնում ընտրություններում հաղթած Ջանիզ Լյուիս Ջորջին։