Նոյեմբերի 6-ին ժամը 15։00-ին Հայաստանի հակակառուպցիոն դատարանում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։
Փաստաբանական թիմից հայտնում են, որ Գագիկ Խաչատրյանին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին կտեղափոխեն դատական նիստերի դահլիճ։ Գագիկ Խաչատրյանի գործով նախագահող դատավորը Վարդգես Ստեփանյանն է։
Փաստաբաններն ահազանգում են, որ գտնվելով ՔԿՀ-ում նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ պատկան մարմինները բյուրոկրատական գրագրություններ են միայն ապահովում և գործուն քայլեր չեն կատարում նրա առողջական վիճակը քաղաքացիական հիվանդանոցում կայունացնելու ուղղությամբ։
«2026 թվականի սեպտեմբերի 2-ին Գագիկ Խաչատրյանն ապօրինի կալանավորվել է և արդեն երկու ամիս է՝ գտնվում է կալանքի տակ։ Նա ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության պայմաններում պահելու հետ։ Չնայած փաստաբանական խմբի կողմից Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ բարձրաձայնումներին և ձեռնարկվող քայլերին՝ հոկտեմբերի 29-ին նրա նկատմամբ ևս երկու ամիս ժամկետով կալանքը երկարաձգելու որոշում է կայացվել։
Այսօրվա դատական նիստում հետազոտվելու են ապացույցները»,-ասված է հաղորդագրության մեջ։


























