Բրիտանիայում կելտական ատրեբատների ցեղի տիրակալ Վերիկան, որին պատմաբանները երկար ժամանակ տղամարդ էին համարում, իրականում կին է եղել։ Նման եզրակացության է հանգել Բորնմութի համալսարանի հնագետ Մայլզ Ռասելը։ Նրա կարծիքով՝ Վերիկան առանցքային դեր է խաղացել մ.թ. 43 թվականին հռոմեացիների՝ Բրիտանիա ներխուժման գործում։

Հետազոտությունը ներկայացված է «Կարատակուս. Բրիտանիայի մեծ արքան» (Caratacus: Great King of Britain) նոր գրքում և քննարկվում է Current Archaeology գիտական հանդեսում։

Ատրեբատները բնակվում էին ներկայիս անգլիական Հեմփշիր և Արևմտյան Սասեքս կոմսությունների տարածքում։ Մոտ մ.թ. 40 թվականին Վերիկան զրկվել է իշխանությունից և փախել Հռոմ, որտեղ աջակցության համար դիմել է Կլավդիոս կայսրին։ Հռոմեացի պատմիչ Դիոն Կասիոսի վկայությամբ՝ հենց Վերիկայի խնդրանքն է կայսրին դրդել ռազմական արշավ սկսել Բրիտանիայում։

Ռասելը կարծում է, որ Վերիկան կին է եղել, այլ ոչ թե տղամարդ, ինչպես նրան ավանդաբար ներկայացրել են XIX դարի պատմաբանները։ Որպես փաստարկ՝ նա մատնանշում է տիրակալի անվան առանձնահատկություններն ու նրա մետաղադրամների պատկերները։

Վերիկա անունն ավարտվում է «ա»-ով, ինչպես բրիտանացի մյուս հայտնի կին տիրակալների՝ Բոուդիկայի և Կարտիմանդուայի անունները։ Մետաղադրամների վրա Վերիկան պատկերված է որպես ձի հեծած բարեկազմ կին։

Նախկինում հետազոտողները Վերիկայի արական սեռի ապացույց էին համարում նաև նրա մետաղադրամների վրա առկա լատիներեն rex բառը։ Սակայն, Ռասելի համոզմամբ, այդ տիտղոսը պարտադիր չէ, որ վերաբերեր միայն տղամարդկանց. Հռոմը ճանաչում էր երկու սեռերի տիրակալներին էլ։

Հնագետի կարծիքով՝ Վերիկան ոչ միայն օգնություն է խնդրել Կլավդիոսից, այլև հռոմեացիներին մարտավարական տեղեկություններ է տրամադրել և տեղում աջակցություն ցուցաբերել։ Նրա դիմումը դարձել է ներխուժման առիթ, որն էլ կայսրն օգտագործել է իր հեղինակությունն ամրապնդելու համար։

Ռասելը կոչ է անում վերանայել Վերիկայի դերը Բրիտանիայի պատմության մեջ և նրան ճանաչել որպես երկրի վաղ շրջանի կարևորագույն կին տիրակալներից մեկը։