ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված հետագա քայլերի կոնկրետ ծրագրերը, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը Մոսկվայում։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ կողմերը քննարկել են «հաջորդ քայլերին վերաբերող բովանդակային ծրագրեր», որոնք պետք է հայտարարվեն առաջիկա շաբաթներին։
Վաշինգտոնում նաև հույս են հայտնել, որ նույնքան արդյունավետ կլինեն ամերիկացի ներկայացուցիչների բանակցությունները ուկրաինական կողմի հետ։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունները բնութագրել է «չափազանց անկեղծ»։
Ըստ նրա, ամերիկյան կողմը ներկայացրել է կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ մի քանի գաղափար, սակայն մանրամասները նա չի բացահայտել։
Միևնույն ժամանակ Մոսկվան հասկացրել է, որ շարունակում է վստահ լինել իր ռազմական նպատակներին հասնելու հարցում։ Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի վերահսկողություն հաստատել Ուկրաինայի արևելյան շրջանների մնացած մասի նկատմամբ։
Ուիթքոֆի և Քուշների ուղևորությունը Մոսկվա դարձել է նրանց ութերորդ այցը Ռուսաստանի մայրաքաղաք՝ հակամարտության սկզբից ի վեր։ Բանակցություններից հետո նրանք, պատերազմի ընթացքում առաջին անգամ, ուղևորվել են Կիև։ ТАСС-ի տվյալներով, կիրակի վաղ առավոտյան ամերիկացի ներկայացուցիչները ժամանել են լեհական Ժեշուվ, որտեղից պետք է շարունակեն ճանապարհը դեպի Ուկրաինայի մայրաքաղաք։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ նրանց սպասում է կիրակի օրը։
Ռուսաստանի նախագահը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ Կիևում բանակցային գործընթացի և ամերիկացի միջնորդների անվտանգությունն ապահովելու համար։ Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հակամարտության դադարեցման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար՝ նշելով, որ այս գործընթացը շարունակում է մնալ բարդ։
Թրամփը նախօրեին հայտնել էր, որ իր ներկայացուցիչները հրադադարի առաջարկ են տանում, սակայն դրա բովանդակությունը չի բացահայտել։
Դիվանագիտական շփումների ընթացքում Մոսկվան և Կիևը պայմանավորվել են սահմանափակել հարվածները մայրաքաղաքների ուղղությամբ։ Կրեմլը հայտնել է, որ Պուտինը կարգադրել է երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին։ Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվային հարվածելուց մինչև շաբաթվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի։




























