Եվրոպան կրկին ցնցվել է ահաբեկչական պայթյուններից: Այս անգամ Եվրամիության սրտում՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Առավոտյան ժամը 8-ին երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում, մեկ ժամ էլ չանցած՝ եւս երկուսը՝ մետրոյի Մելբեկ եւ Շուման  կայարաններում: Պաշտոնական վերջին տվյալով՝ բոլոր հարձակումների հետեւանքով զոհվել է 26 մարդ, վիրավորների թիվը մոտ 130 է: Իսլամական պետությունն արդեն պատասխանատվություն է ստանձնել ահաբեկությունների համար: Ենթադրվում է, որ սա ծայրահեղականների վրեժն էր Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող Սալեհ Աբդեսլամին Բելգիայում կալանավորելու համար: Բրյուսելը կաթվածահար է, մարդիկ սարսափած: Եթե Փարիզից հետո դեռ կասկածներ էին մնացել, այսօր փարատվեցին. Եվրոպայում ապրելն այլեւս անվտանգ չէ:Ահաբեկություններից հետո Բելգիան փակել է Ֆրանսիայի հետ սահմանը, եվրոպական մյուս երկրները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները, մինչեւ մարտի 23-ի առավոտյան ժամը 6-ը Բրյուսելի օդանավակայանը փակ է լինելու, մետրոն չի աշխատում, երթեւեկությունը կաթվածահար է: Տուժողների շրջանում հայերի մասին տեղեկություններ չկան:

Ֆեդերիկա Մոգերինին չի կարողացել զսպել արցունքները ահաբեկչությունների մասին խոսելիս: Եվրամիության գլխավոր դիվանագետը կիսատ է թողել մամուլի ասուլիսը եւ հուզված հեռացել:

Ծնողների կասկածները հաստատվել են: Քննչականը հաստատել է՝ 19-ամյա Հովհաննեսը Արցախի մարտական դիրքերում մահացել է ոչ թե զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով, այլ սպանվել: Մեղադրյալը նրա ծառայակիցն է:

Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ 8 կուսակցություններ եւ նույնքան էլ հասարակական կազմակերպություններ միավորվել են Ընտրակական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՀԱԿ-ի հինգ պահանջների շուրջ եւ համատեղ հայտարարություն ընդունել: Սա  հասարակական լայն կոնսենսուս է, մնում է իշխանությունն ընդունի, նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:  Դավիթ Հարությունյանն էլ հակադարձեց էքսպրոմտ քվեարկությամբ:

Ի դեպ, թվաբանական խնդիրներ կան նաեւ Զուրաբյանի առաջարկած 4+4+4 ձեւաչափում, ըստ որի Ընտրական օրենսգրքի քննարկումներին պետք է մասնակցեն չորսական ներկայացուցիչ իշխանությունից, ընդդիմությունից, եւ քաղաքացիական հատվածից: Հասարակական բազմաթիվ կազմակերպություններին հուզում է այն հարցը, թե ինչ չափանիշով են իրենց միջից ընդամենը չորսին ընտրելու: Իշխանությունը այս ձեւաչափին սկզբունքորեն կողմ է, ընդդիմության հարցն էլ, ըստ Զուրաբյանի լուծված է: Փաստորեն ընդդիմություն ասելով՝ Զուրաբյանը նկատի ունի միայն ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին, Ժառանգությանը եւ ՀԱԿ-ին:

Գալուստ Սահակյանը կրկին տեսախցիկների առջեւ է, եւ դատելով նրա հայտնած ուշագրավ մտքերից, լավ մարզավիճակում: Մինչ նա արտասահմանում բուժվում էր, Ազգային ժողովը ձեռքից գնում էր:  Նիկոլ Փաշինյանի եւ Առաքել Մովսիսյանի վիրավորանքներով լի այս վեճին Ազգային ժողովի նախագահն այսօր հետին թվով գնահատական տվեց:

Ովքեր են հետեւել Նիկոլ Փաշինյանին, ում հանձնարարությամբ եւ ինչ նպատակով: Պատգամավորն այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմել է ԱԱԾ ղեկավարին: Փաշինյանին գաղտնի հետեւել են Հրազդանում, որի քաղաքապետի ընտրություններում նրա կուսակցությունից առաջադրվել է Սասուն Միքայելյանը: Քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Արամ Դանիելյանը «Յութուբում» տեղադրել է տեսանյութ եւ լուսանկարներ, որպեսզի ցույց տա, թե ինչպես է Փաշինյանը աշխատանքային ժամերին գնում Հրազդանի դպրոցներ՝ փորձելով տնօրեների վրա ճնշում գործադրել եւ իրենց թեկնածուի օգտին ձայներ ապահովել: Արամ Դանիելյանն էլ իր հերթին դիմել է Գլխավոր դատախազություն՝ պահանջելով ուսումնասիրել Փաշինյանի պահվածքը: Ի դեպ, գաղտնի տեսագրությունն ավելի ուշ հեռացվել է:

«Հայջրմուղ» ընկերության ֆրանսիացի տնօրեն Փաթրիք Լորենը հայկական մենթալիտետը շրջանցելու ձեւ է գտել: Ջրի մատակարարումների կառավարման նոր համակարգ է ներդրվում, որը բացառելու է նաեւ ջրի տեսւոչի հետ պայմանավորվելու եւ ջրի ծախսը քիչ ներկայացնելու հնարավորությունը: Այսուհետեւ հաշվիչները ցուցմունքը ոչ թե տեսուչը ձեռքով է գրանցելու, այլ լուսանկարելու է եւ այն ուղարկելու է կենտրոն:

«Սանիտեքի» աշխատակցի խնդրանքն ուղղված է երեւանցիներին: Օրեր առաջ Նոր Արեշում մեկ գիշերվա մեջ նոր տեղադրված չորս աղբաման են այրել: Դրանց փոխարեն նոր աղբամաններ են տեղադրել, որոնց անիվներն են գիշերը գողացել: «Սանիտեքում» նախընտրում են կարծել, որ դիտավորություն չկա, քաղաքացիներին հորդորում են ավելի զգույշ լինել, հատկապես վառարանների չհանգած մոխիրն աղբամանը չլցնել:

Իրանցի զբոսաշրջիկներին Երեւանի սպասարկման որոշ կետերում սկսել են վատ վերաբերվել: Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել էր, թե նախօրեին ականատես է եղել, ինչպես են կենտրոնի խանութներից մեկում հրելով դուրս հանում իրանցիներին:  Պատճառաբանել են, թե տնօրենն է կարգադրել, իրանցի զբոսաշրջիկներին չեն վստահում: Կասկադի մոտ գտնվող խանութում վստահեցրին, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Դոլարը շարունակում է էժանանալ՝ այսօր արդեն 3 դրամով։ Զգալիորեն Էժանացել են նաև եվրոն և ֆունտը, իսկ ռուբլին աննշան թանկացել է։ Այսպիսով դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 480, եվրոյինը՝ 538 , ֆունտինը՝686,  ռուբլունը՝  7.10 դրամ։

Հայաստանի տարածքում՝ նաև մայրաքաղաքում, վաղը  տեղումներ չեն լինի: Առաջիկա երկու օրերին եղանակը աստիճանաբար կտաքանա:  Երեւանում այս գիշեր սպասվում է -1+1, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 14 աստիճան տաքություն։