Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ ասել է, որ ռուսական գազի գինը կնվազի: Թե որքանով՝ կպարզեն բանակցությունները, բայց որ իջեցում անպայման կլինի, իշխանությունները վստահ են: Առայժմ Գազպրոմը Հայաստանին գազ է տալիս պայմանագրային գնից 15%-ով էժան, որպեսզի 2014 թվականի դոլարի թանկացումը չարտացոլվի սպառողական գնի մեջ: Հայկական կողմի նպատակն է ժամանակավոր իջեցումը դարձնել մշտական: Վարչապետը լրագրողներին նաեւ ասել է, որ իշխանությունն ընդունել է ընդդիմության մի քանի առաջարկները Ընտրական օրենսգրքի շուրջ: Առաջիկա օրերին կհրապարակի, թե կոնկրետ որ առաջարկները:
Տանզանիայում ձերբակալվել է հայաստանցի գործարար Արտյոմ Վարդանյանը: Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո Պարկ» ժամանցային համալիրի սեփականատերը փորձել է 31 կապիկ դուրս բերել երկրից: Նրան ու եղբորը ձերբակալել են հենց օդանավակայանում: Իրավապահները փորձում են պարզել, թե ինչպես են հայ գործարարները կապիներին դուրս բերելու թուլտվություն ստացել, եթե Տանզանիայում դա օրենքով արգելված է:
Երեւանի մետրոյում այսօր ոստիկաններն ուժեղացված հսկողություն էին իրականացնում: Քաղաքացիներն ահազանգում էին, որ ոստիկանները ստուգում են իրենց պայուսակները: Մետրոպոլիտենում հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ ոստիկաններն անվտանգության նկատառումով ստուգում են կասկածելի պայուսակները, սակայն չմասնավորեցրին, թե որն է նման միջոցառման պատճառը:
Այսօր կեսօրին խոշոր հրդեհ է բռնկվել Դվին հյուրանոցի տարածքում: Այրվել է 7 գծամետր պենոպլաստ: Ահազանգը ստանալուց 35 րոպե անց հաջողվել է մարել հրդեհը: Ի դեպ, փրկարարներն ասում են՝ ավելի շուտ կմարեին, եթե մայրաքաղաքում հրշեջ մեքենաներին զիջելու մշակույթ լիներ:
Մինչեւ բանակ զորակոչվելը Վալերի Պերմյակովին մի քանի անգամ հետազոտել են. կասկածում էին, նա տառապում է օլիգոֆրենիայով կամ մտավոր հետամնացությամբ, ինչը սակայն հերքվել է եւ Պերմյակովը պիտանի համարվել ծառայության համար: Փորձագետները եզրակացրել են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողը միջին մակարդակի մտավոր զարգացում ունի, գացմունքային անկայունություն ունի, թույլ ադապտացում, ինքն իրեն չշփվող է համարում, բայց հաճախ ժպտում է, երբեմն առանց պատճառի:
Գյումրիում դանակահարվել է թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրենը: Արտուշ Ասատրյանը ավազակային հարձակման է ենթարկվել իր սեփական տան մոտ: Առավոտյան աշխատանքի գնալիս դիմակավորված 2 անձինք հարձակվել են նրա վրա, մահակներով հարվածել, դանակահարել կնոջ աչքի առջեւ, ապա դիմել փախուստի: Դանակահարողներին փնտրում են: Բժիշկը լուրջ վնասվածքներ չունի, վիրահատվել է:
Հայտնի են դարձել Շիրակի մարզի ավազի հանքում տեղի ունեցած դժբախտ պատահարի մանրամասները: Հանքի ավազահան մեքենան չի աշխատել, ձգապարանով կապել են տրակտորին ու փորձել տեղից պոկել, մեքենայի շարժիչ միացել է, Տարոնը մոտեցել է, որ պարանը քանդի, ավազահան մեքենայի վարորդը չի հասցրել արգելակել, Տարոնը մնացել է մեքենաների արանքում եւ մահացել: 23-ամյա երիտասարդը ծնողների միակ զավակն էր, երեք ամսական երեխայի հայր:
Արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ծառի կտրված ճյուղն ընկել ու կոտրել կնոջ ոտքը: Շենքի երիտասարդները բարձրացել էին ծառը ու կտրում էին ճյուղերը, որոնք փակում էին միայնակ ապրող հարեւանուհու պատուհանը: Շենքի մեկ այլ բնակիչ՝ 70-ամյա տիկին Լյուդմիլան կանգնել է ծառի տակ, որ անցորդներին զգուշացնի ծառի տակով չանցնել: Արդյունքում կտրված ճյուղերից մեկն ընկել է ու կոտրել նրա ձախ ոտքը:
«Ոչ մեկին չմեղադրեք», այս գրությամբ նամակը ձեռքին այսօր Երեւանի շենքերից մեկի 7-րդ հարկից ցած է նետվել 75-ամյա կինը, որը, սակայն նա ողջ է մնացել: Կինը շտապօգնությանը խնդրել է իրեն հիվանդանոց չտանել՝ թույլ տալ, որ մահանա: Տարեց կնոջ վիճակը ծանր է: Դեռ պարզ չէ՝ ինչու է նախկին ուսուցչուհին նման քայլի դիմել:
«Նոր Հայաստանի» ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը կալանքի տակ կմնա եւս 45 օր: Դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը: Որոշումն առաջացրել է Սաֆարյանի աջակիցների դժգոհությունը, որոնք մի քանի ժամ դատարանի առջեւ բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին այսօր դատավորը թույլ չտվեց վերջին խոսքով հանդես գալ նրա պաշտպանների հետ ունեցած վիճաբանության պատճառով: Դատավորը զայրացավ, երբ պաշտպանն ասաց, որ կասկածում է դատարանի անաչառությանը: Գասպարին, որը մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ, լրագրողներին ավելի ուշ ասաց, որ դատարանին դուր չի գալիս լսել ճշմարտությունը:
Երեւանում հողին են հանձնել օպերային աշխարհահռչակ երգիչ Գեղամ Գրիգորյանին: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից տաղանդավոր տենորին դուրս են բերել ծափահարությունների ներքո: Գեղամ Գրիգորյանին հրաժեշտ տալու էին գնացել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Երգչին հուղարկավորել են Կոմիտասի անվան պանթեոնում:
Մարտի 25-ին նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 9-րդ տարելիցն է: Հանրապետական կուսակցության վերնախավը Կոմիտասի անվան պանթեոն էր գնացել՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀԿ նախկին նախագահի հիշատակին: Նախօրեին ՀՀԿ-ն հայտարարեց, որ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց է հիմնադրում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկրպագուների դժգոհությունը ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի համար ընդունելի չէ: Նա շարունակում է պնդել, որ ինքն իրավունք ունի որոշելու՝ որ ֆուտբոլիստները պետք է հանդես գան հավաքականի կազմում, ովքեր՝ հեռանան:
Ռուբեն Հայրապետյանն օրեր առաջ հայտարարել էր, որ իր անձնական որոշմամբ հավաքականի երեք առաջատար ֆուտբոլիստները այլեւս չեն խաղալու հավաքականում: Այս հայտարարությունը քննադատության ալիք է բարձրացրել երկրպագուների շրջանում:
Հավաքականի երկրպագուներն այսօրվա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը ավանդական դարձած երթով են գնացել: «Հանրապետական» ստադիոն մտնելիս միջադեպ է գրանցվել: Ոստիկանները խլել են նրանց պաստառներն ու թմբուկների փայտերը: Սկսվել է քաշքշուկ, ոստիկաննները ի վերջո վերադարձրել են երկրպագուների իրերը:
Դարպասապահ Ռոման Բերեզովսկին 20 տարվա աշխատանքից հետո հրաժեշտ տվեց ֆուտբոլի ազգային հավաքականին: Բելառուսի հետ ընկերական հանդիպմանը 41-ամյա վետերանը խաղաց 8 րոպե, ապա ավագի թեւկապը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին: Ֆեդերացիան լեգենդար դարպասապահին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա է նվիրել: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Այս գիշեր Երևանում սպասվում է մինչև 9, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 18 աստիճան տաքություն։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրև: Ի դեպ կիրակիից երեքշաբթի եղանակը նորից կցրտի՝ 8-10 աստիճանով:











