Վանաձորցի 23-ամյա Ալբերտ Իսահակյանին ընդհանրապես երգել չի կարելի, առողջական խնդիրներ ունի, բայց ասում է՝ հենց երգելն է իր առաքելությունը, դրանից բացի ուրիշ ոչինչ չունի։

Վեց տարվա պատմություն ունեցող The Clocker խմբի վոկալիստ Ալբերտն ասում է՝ պիտի ատամներով պահի իր ունեցած միակ բանը՝ երգն ու երաժշտությունը, որովհետեւ երաժշտությունը չի նեղացնում, չի վիրավորում, չի հակադարձում, ինչ էլ՝ գլխին բերես, չի նեղվում, «նվագվել» է ուզում։

Ալբերտը փորձել է այլ բաներով զբաղվել, բայց անազատ լինելու ու իր գործով չզբաղվելու զգացումը խեղդել է կոկորդը, իսկ երգերի տեքստերը որտեղ պատահի գրելը՝ թեթեւություն բերել։

«Ժամանակին փաբերում որպես մատուցող էի աշխատում, որ գործիք գնեմ, մտքումս ինչ-որ բաներ էի պլանավորում, ու մի օր սկսեցի չկարողանալ աշխատել։ Ավելի շատ երգերի տեքստեր եւ նոտաներ էի գրում, քան աշխատում, գրում էի նույնիսկ իրենց ֆորմաների վրա։ Որովհետեւ խեղդում էր էն միտքը, որ ես անում եմ մի գործ, որն իմը չէ։ Տեսնում էի՝ մարդիկ ինչքան ազատ էին, ես՝ դիսցիպլինայի տակ, ու պայթում էի։ Մի օր էլ ինձ պարզապես վռնդեցին, ասեցին՝ գնա ստեղից քո տեքստերով ու նոտաներով»,-ասում է Ալբերտը։

The Clocker-ը, չնայած վեց տարի է՝ գոյություն ունի, միայն վերջին կես տարում է մարդկանց աչքերին երեւում, հիմնականում՝ երեւանյան, երբեմն  էլ վրաստանյան ակումբներում, որոնցում հանդես գալն, ըստ Ալբերտի, ավելի եկամտաբեր է, քան տեղի փաբերում։

«Ես սկսում եմ տարվել, որովհետեւ արդեն Երեւանում էլ են սկսել շատ ինչ-որ տարբեր տեղերից հրավիրել մեզ։ Նախկինում մենք շատ առանձնացած էինք, կորած, մարդիկ նույնիսկ չգիտեին, որ մենք նվագում ենք։ Վերջին կես տարում է, որ մարդկանց աչքերին սկսեցինք երեւալ։ Քիչ էինք երեւում, որովհետեւ ես միշտ լարվում էի շատ մարդկանց ներկայությունից, ամաչում էի»,-ասում է երաժիշտը, հավելելով՝ հիմա էլ է համերգների ժամանակ մի փոքր լարվում, իրեն խոցելի է զգում, բայց, կարծես թե, պնդանալու ճանապարհին է արդեն։

Ավելին՝ Ալբերտին ուրախացնում է այն, որ իրենց համերգներին արդեն ավելի շատ հաճախողներ կան. գալիս են ոչ միայն իրենց ծանոթ-մտերիմները, այլեւ անծանոթներ։

«Լսողների առումով մեր բախտը բերել է, հիմնականում արվեստի մարդիկ են, մեր ընկերները, արդեն անծանոթներ են գալիս, եւ զգում եմ, որ դուր ենք գալիս նրանց։ Ես էլ փորձում եմ տալ այն, ինչ իմ մեջ կա, որովհետեւ էդ մենակ իմը չի, որովհետեւ արվեստի մարդիկ տրանսպորտ են, բոլորի մտքերը, զգացմունքները հավաքական վերադարձնում են նորից մարդկանց»,-ասում է երաժիշտը։

Իսկ մարդիկ, Ալբերտի խոսքով, շատ են իրենց սահմանափակում ժամ/ժամանակով։ Խմբի անվանման հիմքում հենց այդ երեւույթն էլ ընկած է. The Clocker-ը՝ Ժամագործ/Ժամանակագործը փորձում է քարոզել, որ չի կարելի ժամով/ժամանակով ապրել։ 

«Մեր պրոպագանդան նրա դեմ է, որ մարդիկ զոմբիացման են գնում։ Մեր խնդիրը հենց ժամի մեջ է, որովհետեւ ժամը շատ է մարդկանց կանոնավորում։ 12 սլաք է, ու մարդիկ դրանով ապրում են, չի կարելի, էլի։ Ժամանակի հետեւից ընկնելն ահավոր է, կարող է՝ մի պահ հասկանաս, որ ոչ մի բան չունես ու ոչ մի բան ես»,-ասում է նա։

Եթե անվանման հետ ամեն ինչ պարզ է, ապա նույնը չի կարելի ասել խմբի ոճի մասին։ Ալբերտն իրենց ոճը էքսպերիմենտալ է համարում, մինչդեռ շատերը նրանց art- psychedelic, indie, trance խումբ են կոչում։ Իրականում, «Ժամագործը» ոճին նշանակություն չի տալիս։ Ասում է՝ ինքնարատահայտվում ու ինքնաբացահայտվում է՝ իր հույզերով կիսվելով նաեւ իրենց լսողների հետ, իսկ խմբի մյուս անդամները օգնում են իրեն այդ հարցում։

Ալբերտը, սակայն, խմբի ապագայի մասին խանդավառությամբ չի խոսում։ Կցանկանար, իհարկե, մի օր դուրս գալ բեմ ու տեսնել, որ իրենց մեծ թվով հանդիսատես է սպասում, բայց այդպես, ըստ նրա, ոչ Հայաստանում երբեւէ կլինի, ոչ էլ Վրաստանում, որտեղ խումբը հասցրել է սիրվել։ 

Հ.Գ. The Clocker-ում Ալբերտ Իսահակյանի հետ հանդես են գալիս եւս չորս վանաձորցիներ՝ Արթուր Մանուկյանը (կիթառ), Էրիկ Խանոյանը (կիթառ), Հրանտ Վարդանյանը (հարվածային գործիքներ), Սեւակ Հարությունյանը (բաս-կիթառ):  Խմբի 12 ստեղծագործությունները ստեղծվել են հենց թիմային աշխատանքի շնորհիվ։ Ստեղծագործական մտքեր հղանալիս տղաները շտապում են Վանաձոր՝ Երեւանի աղմուկից հեռու։