Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց) եւ ականանետ (2 արկ):

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել է շարքային պայմանագրային զինծառայող, 33-ամյա Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ: Այս գիշեր հակառակորդը կրակել է նաեւ Հայաստանի Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Կիրառվել են ականանետեր եւ գնդացիրներ։ Տուժածներ չկան։

Առաջնագծի հյուսիսարեւելյան հատվածում, դեռեւս ամբողջությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա շարքային զինծառայող Գեւորգ Աշոտի Մղդեսյանը:

Ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների թիվը, վերջին տվյալով՝ 44 է, անհետ կորածները 21-ն են:

Հայկական հատուկ ջոկատայիններն ադրբեջանական Տափկարա - Կոյունլու գյուղի հատվածից առգրավել են զինվորական ունեցվածքով բեռնված «Ուրալ» մակնիշի բեռնատար մեքենա:

Հայաստանում լայն արձագանք ստացած այն փաստը, որ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ հայկական զինված ուժերի եւ խաղաղ բնակչության դեմ ռուսական ժամանակակից զենք է օգտագործվել: Երեւանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը ասել է Սերժ Սարգսյանը:

 «Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով, ձեռնարկել է լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Այդ զենքը կիրառվել է նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն Պաշտպանության բանակի զինվորների եւ հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ այդ փորձը կասեցվել է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նաեւ ափսոսանք է հայտնել, որ «ԵԱՏՄ մասնակից երկրներից որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով»:

«Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մեդվեդեւը կարեւորել է «խաղաղություն պահպանելը, բանակցային սեղանի շուրջ վերադառնալը՝ նույնիսկ անտեսելով այն, որ հիմա այդ բանակցությունների ֆոնը ամենալավը չէ»:

Թեեւ վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է՝ Մարտունու դիրքերում հերթապահող զինծառայողները եւ կամավորները զգոն են, օրը 24 ժամ պատրատ են հետ մղելու հակառակորդին: NEWS.am-ի հատուկ թղթակիցը եղել է դիրքերում, զրուցել հերթապահող զինծառայողների հետ։