Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը:  Հարազատները ճանաչել են նրա մարմինը: Զոհվածը մինչեւ հիմա անհետ կորած համարվող կապիտան Արգիշտի Գաբոյանն է:

Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը այցելել են Արցախի հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված զորամասեր, խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակին եւ զինվորների ծառայությանը վերաբերող հարցեր: Նախագահներին ուղեկցել են երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ:

Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ինքը շատ ճիշտ որոշում է կայացրել՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնելով: Ավելին՝ Հովիկ Աբրահամյանն իր այցն արդյունավետ է համարում: Իսկ չգնալ, ըստ վարչապետի, կնշանակեր հաճոյանալ ժողովրդին

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաեւ կառավարության հասցեին հնչող եւս մեկ քննադատության՝ ինչու բանակը սպառազինության խնդիր ունի, երբ երկրում ապօրինի հարստացած պաշտոնյաներ կան: Եվ ինչու է պետական բյուջեն ծախսվում ոչ հրատապ նախագծերի վրա, այն դեպքում, երբ բանակի սպառազինության համար գումարը հավաքում են քաղաքացիները: 

 Պետական դավաճանության մեջ մեղադրվող հետախույզ Գարիկ Մարությանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Մայորը մեղադրվում է ադրբեջանցի գործակալներին հայոց բանակի մասին տեղեկատվություն վաճառելու մեջ: Գարիկ Մարությանի հարազատները նույնպես վստահ են, որ այս գործը սարքված է, ավելին, նրանք պնդում են, որ Գարիկի հետ սոցիալական ցանցերով խոսել են ոչ թե ադրբեջանցի գործակալները, այլ հենց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ նրա ծառայակից ընկերոջ անունից, որպեսզի հետագայում սարքեն այս գործը: Գարիկ Մարությանը Զինված ուժերում ծառայել է մոտ 20 տարի: Նա բազմաթիվ պատվոգրեր եւ շնորհակալագրեր ունի:

Հայաստանը չորս կետով բարելավել է դիրքերը «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում»՝ առաջ անցնելով եվրոպական այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իտալիան,   Հունաստանն ու Կիպրոսը: 2016թ. զեկույցում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 74-րդ տեղը: Հետխորհրդային երկրներից Հայաստանից առաջ է միայն Վրաստանը: Ադրբեջանը հետընթաց է ապրել նախորդ տարվա համեմատ եւ 163-րդ տեղում է, Թուրքիան նույնպես նահանջել է մամուլի ազատության ցուցանիշով՝ 151-րդ հորիզոնական, Ռուսաստանը 148-րդն է:

Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները կրկին լարվել են։ Եվրախորհրդարանը վերաբերյալ խիստ զեկույց էր ներկայացրել՝ Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատության, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների, մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Փորձագետները սա համարում են Թուրքիայի վերաբերյալ վերջին տարիների աﬔնախիստ զեկույցը: Թուրքիայի նախագահը զեկույցն անվանել է սխալ ու խեղաթոյւրված: Էրդողանին անհանգստացրել է հատկապես այն, որ զեկույցում  անդրադարձ կա նաեւ Հայոց ցեղասպանությանը։ Թուրքիայի իշխանությունները այնքան են կատաղել, որ հայտարարել են, թե արհամարհում են Եվրախորհրդարանի զեկույցը:

Ադրբեջանից   122 վարձկան միացել է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:  NBC ամերիկյան հեռուստաալիքի տրամադրության տակ են հայտնվել վարձկանների վերաբերյալ 11.000 անձնական ֆայլ :Ըստ այդ փաստաթղթերի՝  ահաբեկիչների շարքերն են համալրել 12-70 տարեկան  գրոհայիններ՝  ամենից շատ Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից,  Ադրբեջանից եւ Թուրքիայից:  

 Այս տարվա ոչ աշխատանքային օրերից մի քանիսը համընկել են շաբաթ-կիրակիի հետ: Այսպես, ապրիլի 24-ը, որն ամեն տարի ոչ աշխատանքային է, այս տարի կիրակի է, մայիսի 1-ը՝ նույնպես: Մայիսի 28-ը շաբաթ է, որը շատերի համար նույնպես ոչ աշխատանքային է: Մայիսյան տոներից միայն Հաղթանակի օրն է, որը չի համընկել հանգստյան օրերի հետ:

Քաղաքապետարանը Վերնիսաժում բարեկարգման աշխատանքներ է սկսել: Առեւտրականների մի մասը ստիպված տեղափոխվել է շուկայի այն հատված, որտեղ դեռ շինարարական աշխատանքներ չեն ընթանում, ինչը դժգոհության պատճառ է  դարձել: Առեւտրականները կարծում են, որ քաղաքապետարանը սխալ ժամանակ է ընտրել բարեկարգման համար: Առջեւում տուրիստական սեզոն է, տարվա մեջ միակ շրջանը, երբ նորմալ առեւտուր է լինում, իսկ նման պայմաններում վաճառքը կնվազի: Առեւտրականները մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան՝ աշխատանքները հետաձգելու նպատակով, սակայն ապարդյուն:

Աշխարհահռչակ ժազ երաժիշտ Տիգրան Համասյանը ճանաչվել է Գերմանական ձայնագրման ակադեմիայի հեղինակավոր ECHO Jazz մրցանակաբաշխության 2016 թվականի հաղթող «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» անվանակարգում: Տաղանդավոր երաժշտին հաղթանակ է բերել նրա Mockroot ալբոմի համար։ 

Այսօր էժանացել է միայն դոլարը, մյուս երեք արտարժույթները հակառակը՝ թանկացել են: Եվ այսպես դոլարի փոխարժեքը ապրիլի 20-ին կազմել է 480, եվրոյինը   546, ֆունտինը՝ 692,  իսկ  ռուբլունը 7.34 դրամ: 

Երևանում ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կհասնի +13-ի, իսկ վաղը ցերեկը ՝ +28-ի: