Ընտրական օրենսգրքի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց առաջին ընթերցմամբ: Աղմկահարույց նախագծի քվեարկությունից առաջ այն սուր քննադատության ենթարկեցին ընդդիմադիր մի քանի պատգամավորներ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վարդան Օսկանյանի ելույթին, թե վերջին 20 տարիներին ընտրությունները Հայաստանում կեղծվել են, եւ ակնարկեց, որ ընդդիմություն են խաղում մարդիկ, որոնք կանգնած են եղել ընտրությունների կեղծման ակունքներում:

Մեծ աղմուկ բարձրացրեց Զարուհի Փոստանջյանի ելույթը, որը շեղվեց ընտրական օրենսգրքի թեմայից և հայտարարեց, որ ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորուստների համար պատասխանատու են իշխանությունները և լայնածավալ պատերազմին ընդառաջ երկրում պետք է իշխանափոխություն լինի: Հանրապետական պատգամավորները մեկը մյուսի հետևից ամոթանք տվեցին Զարուհի Փոստանջյանին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Զարուհի Փոստանջյանին մեղադրեց հայ զինվորների թափված արյունն իր քաղաքական փիարին ծառայեցնելու մեջ: 

Օրենսգրքի քվեարկությունը նույնպես ուղեկցվեց սկանդալով. քվեարկությունից առաջ Զարուհի Փոստանջյանը փորձում էր վարման կարգով խոսքի իրավունք վերցնել, սակայն Գալուստ Սահակյանը նրան թույլ չտվեց խոսել: Դահլիճում աղմուկ բարձրացավ, Գալուստ Սահակյանը որոշեց նախագիծը երկրորդ անգամ քվեարկության դնել: Կողմ ձայների քանակը երկրորդ քվեարկության արդյունքում կտրուկ աճեց՝ 85-ից դառնալով 98: Չնայած՝ որոշ պատգամավորներ պնդում էին, որ խախտվել է ԱԺ կանոնակարգը՝ համարվեց, որ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Բանակը զինելու համար հարուստներին պետք չի կուլակաթափ անել, նրանք իրենց կամքով կտան իրեն բաժինը։ Լրագրողներին ասել է Սեյրան Սարոյանը, որը հատուկ ընտրական օրենսգրքի նախագիծ քվեարկությանը մասնակցելու համար Արցախից վերդարձել է Հայաստան։ Այնուամենայնիվ, Սեյրան Սարոյանը պնդում է, որ սպառազինության պակաս հայկական զինված ուժերը չունեն։ 

Սամվել Ալեքսանյանին զարմացնում է իր հասցեին հնչող քննադատությունը զորամասերից մեկի հրամանատարին, որն ի դեպ նրա ընկերն է, իր ավտոմեքենան նվիրելու համար։ Դիտարկմանը, որ այդ գումարով կարելի էր սպառազինություն գնել բանակի համար, պատգամավորն ասել է՝ ինքը տանկի բիզնեսով չի զբաղվում։

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվ հրետակոծել  ՊԲ մարտական դիրքերը։  Գրադ կայանքներից հրետակոծվել է Մատաղիս խաղաղ բնակավայրը: Գյուղի ուղղությամբ 30-ից ավելի արկ է նետվել, վնասվել են տների տանիքները,  կոտրվել ապակիները: Իսկ Ներքին Հոռաթաղում  հրետակոծությունից վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը, որն արդեն վերականգնվել է: ՊԲ-ը դիմել է կանխարգելիչ գործողությունների:

Վերջին մարտական գործողությունների հետևանքով զոհված  64 զինծառայողների ընտանիքներից 10-ում կա 17 անչափահաս, 15 ընտանիքում՝ ուսանող, ոմանք էլ բուժօգնության կարիք ունեն։ Տվյալները ներկայացրել է սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը։ Նախարարը վարչապետին վստահեցրել է, որ այդ ընտանիքների կարիքները կհոգան, ինչպես նաեւ կաջակցեն աշխատանք գտնելու հարցում։

Մինչ որոշ պատգամավորներ և հասարակությունը  քննարկում են զորակոչը բոլոր 18 տարեկանների համար պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը, որպեսզի առաջնագծում միայն անապահով ընտանիքների զավակներ չլինեն, պարզվում է՝ Կառավարությունն այս օրերին արդեն հասցրել է հաստատել առաջիկա ուստարվա բուհերին հատկացվող տարկետումների քանակը։ Ապրիլի 15-ի որոշմամբ 1783 անվճար տեղ է հատկացվել բուհերին՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով։ 

Մեկուկես տարի անց Ռուսաստանը վերջապես Հայաստան է ուղարկել հայ տանկիստների մրցանակը։ «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին հայ տանկիստները որպես արտասահմանյան լավագույն հավաքական Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից մրցանակ էին ստացել Տ-90Ս տանկ: Հայ տանկիստները փայլուն հաղթանակ էին տարել՝  զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ևս մեկ տարով հետաձգել  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համընդհանուր ներդրումը: Այս առաջարկը  վարչապետը բացատրել է նոր համակարգին սահուն անցում ապահովելու անհրաժեշտությամբ: Նախապես որոշված էր, որ մասնավոր սեկտորի աշխատողները պարտադիր կուտակային համակարգի պետք է անցնեին 2017 թ. հուլիսի 1-ից։

Երևանում դարձյալ ծննդկան է մահացել: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում առաջնեկի ծննդաբերությունից հետո  37-ամյա կնոջ առողջական վիճակը վատացել է եւ որոշ ժամանակ անց  նա մահացել է: Բժշկական կենտրոնից հաստատեցին այս տեղեկությունը, սակայն հրաժարվեցին մանրամասներ հայտնել: 

Դոլարը, եվրոն, ռուբլին այսօր մի փոքր արժևորվել են, իսկ ֆունտը հակառակը՝ թուլացել է: Այսպիսով՝ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 479, եվրոյինը՝ 544, ռուբլունը՝ 7.40 դրամ, իսկ ֆունտինը՝ 698 դրամ:

Հայաստանի տարածքում, նաև մայրաքաղաքում վաղը  հնարավոր է անձրև և ամպրոպ: Առաջիկա գիշերը Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +12-ի, իսկ վաղը ցերեկը՝ +22-ի։