Washington Post-ի տեսաբան Դան Միլբենքը ստիպված է եղել բառացիորեն ուտել ԱՄՆ-ում նախընտրական արշավի մասին սեփական հոդվածը, երբ հանրապետականներից ԱՄՆ թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է իր կուսակիցներին:
7 ամիս առաջ Միլբենքը խոստացել էր, որ եթե Թրամփն առաջ անցնի մյուս հանրապետականներին, ինքը «կուտի սեփական բառերը», այսինքն՝ Washington Post-ում իր հոդվածը: Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, այս կերպ լրագրողը ստիպված է եղել պատասխան տալ իր բառերի համար, երբ Թրամփը հաղթել է իր մրցակից հանրապետականներին, իսկ ընթերցողները նրան խնդրել են տեր կանգնել խոստմանը:
Եվ Միլբենքն արել է դա: Ընդ որում՝ արտասովոր կերպով: Նա օգնության է կանչել Վաշինգտոնի հանրահայտ ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարին, որը 9 ուտեստից բաղկացած ճաշ է պատրաստել, յուրաքանչյուր՝ հոդվածից մի կտոր: Եվ որպեսզի լրագրողի ազնվությունը կասկածի տեղիք չտա, թերթն ուտելու ընթացքը հեռարձակվել է պարբերականի կայքում:











