Լյուքսեմբուրգից Սերժ Սարգսյանն այսօր ժամանել է Աստանա, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Իր ելույթում նախագահն ասել է՝ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: Նրա խոսքով՝ ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը լուրջ մարտահրավեր դարձավ ԵՏՄ տարածաշրջանի անվտանգության համար: 

Պատերազմի ժամանակ դիրքեր կորցնելը ողբերգություն չէ, բայց կարեւոր է, որ դրանք անիմաստ չկորցնենք: Այս մասին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում նշել է վերջերս Հաաստան վերադարձած, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը: Սամվել Բաբայանի խոսքով՝ ապրիլին տեղի ունեցածը ոչ թե «բլից-կրիգ» կամ պատերազմ էր, այլ դիվերսիոն գործողություն, ինչի արդյունքում հակառակորդը ստացել է անսպասելի հաջողություն: Նրա խոսքով՝ հակառակորդի հաջողության պատճառը եղել է հայկական կողմի անտարբերությունը, հետեւաբար Պաշտպանության նախարարությունը պետք է հետաքննի ու հասկանա, թե ինչ է կատարվել իրականում:  Ըստ Սամվել Բաբայանի՝ պարզ է, որ Ադրբեջանը պատրաստվում է երկարաժամկետ պատերազմի, մենք չենք կարողանալու դիմակայել Ադրբեջանի արդիական զենքերերին, հետեւաբար պետք է այլ լուծում գտնենք:

Նախօրեին 2 գնդապետ եւ 1 գեներալ է ձերբակալվել: ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը եւ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը: Բարձրաստիճան զինվորականները ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական տվյալների՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք են բերվել ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով: Առաջին երկուսը կասկածվում են իշխանությունը չարաշահելու կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ Մհեր Պապյանը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ, որը նույնպես ծանր հետևանքներ է առաջացրել:

Արցախում ապրիլի սկզբին վիրավորված Արման Լազգիյանն արդեն մի քանի օր է՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում է:  Նա արդեն կարողանում է ինքնուրույն շնչել, նրա ձայնն արդեն լսելի է, թեեւ բժիշկները դեռ թույլ չեն տալիս շատ խոսել, նախ պետք է պարանոցի վերքը լավանա: Գերմանացի մասնագետների հետազոտությունը ցույց էտվել, որ Արմանի մոտ ողնուղեղի հեղուկի շրջանառությունը խափանված չէ, ինչը շատ լավ նորություն է: Ծնողները լիահույս են, որ Արմանն անպայման կապաքինվի: Հիշեցնենք, որ Արմանի տեղափոխումն ու բուժումը հնարավոր է դարձել մասնավոր հանգանակությունների շնորհիվ: Կառավարությունը պնդում էր, որ վիրավորված զինվորին կարիք չկա տեղափոխել Գերմանիա:

Արմանի հետ նույն հիվանդանոցում մոտ երկու ամիս պառկած, նույնպես ապրիլյան պատերազմում վիրավորված Ռուբեն Առաքելյանի արտասահման տեղափոխվելու եւ բուժման համար անհրաժեշտ գումարի դեռ կեսն է հավաքվել: Գերմանական կլինիկաներից մեկը համաձայնել է կազմակերպել նրա բուժումը, նրան կտեղափոխեն, հենց որ գումարն ամբողջությամբ հավաքվի: Պակասող` 43 հազար եվրոն, հատուկ բացված հաշվեհամարին խոստացել է փոխանցել Պաշտպանության նախարարը, սակայն գումարը դեռ չի ստացվել: Հիշեցնենք, որ Ռուբենը ծնողների միակ զավակն է, ողնուղեղային ծանր վնասվածք ունի:

 

Ժամկետային զինծառայող Վահե Եղոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ արդեն նախնական տվյալներ կան:Նախաքննությունը առաջադրել է հակառակորդի կողմից սպանության վարկածը: Ժամկետային զինծառայողը մահացել էր մայիսի 25-ին՝ մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից:

Որքան մոտենում է Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկության օրը, այդքան խստանում է Անկարայի հռետորաբանությունը:  Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում մտահոգություն է հայտնել բանաձեւի առնչությամբ եւ կոչ արել թուրքերի նկատմամբ հարգալից լինել՝ հիշեցնելով Գերմանիայում բնակվող միլիոնավոր թուրքերի մասին: Բանաձեւի քվեարկությունը նախատեսված է հունիսի 2-ին: Բանաձեւում հստակ շեշտվում է «ցեղասպանություն» եզրույթը, ինչը կատաղեցրել է թուրքական իշխանություններին։ Բացի դրանից, բանաձեւում նշվում է, որ ամոթալի է այն ժամանակվա Գերմանիայի կառավարության պահվածքը, որը չի փորձել դադարեցնել մարդկության դեմ հանցանքը՝ հանցակից դառնալով այդ դեպքերին։

 

Թուրք գեղեցկուհին քաղաքական հետապնդման զոհ է դարձել: «Միսս Թուրքիա 2006»-ի հաղթող Մերվե Բույուքսարաչը դատապարտվել է 1 տարի 2.5 ամիս ազատազրկման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին սոցկայքերում արված գրառման համար: Ընդ որում, թուրք գեղեցկուհին վստահեցնում է, որ ինքը Էրդողանին վիրավորելու  նպատակ չի ունեցել,  իսկ ծաղրական բանաստեղծություններն իր էջում տեղադրել էր, քանի որ դրանք իրեն զվարճալի են թվացել:

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին հիվանդանոցի պատշգամբից իրեն նետած կնոջ մասին:  56-ամյա Անահիտը մասնագիտությամբ բուժքույր էր, ամուսինը վերջերս էր մահացել: 20 տարեկանից սկսած՝ տառապում էր հոգեկան խնդիրներով: Անահիտը հիվանդանոց էր տեղափոխվել դեպքից երկու օր առաջ՝ հիպերտոնիկ կրիզով: Բժիշկների տպավորությամբ՝ ադեկվատ էր: Դեպքից րոպեներ առաջ նա բժշկի հետ քննարկել է բուժման հետագա ընթացքը, հետո մտել է պալատ, նրա հետեւից ներս մտած բուժքույրը Անահիտին պալատում չի գտել,  դուրս է եկել պատշգամբ եւ տեսել, որ նա նետել է իրեն երրորդ հարկից ու մահացել:

Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում առնվազն 30 կին է սպանվել նախկին կամ ներկա զուգընկերոջ, կամ էլ  ընտանիքի անդամի կողմից:  Զեկույցը հրապարակել է Կանանց աջակցման կենտրոնը: Ընդ որում, հեղինակները նշում են, որ այս տվյալները թերի են, քանի որ հաճախ դեպքերը կամ չեն գրացվում, կամ էլ գրանցվում են որպես ինքնասպանություն: Սպանված կանայք եղել են հիմնականում 20-40 տարեկան, մեծ մասը՝ գյուղից: Սպանությունները հիմնականում տեղի են ունեցել հենց տան ներսում: Այս կանայք հիմնականում սպանվել են դաժանաբար՝ դանակահարությամբ, խեղդամահ անելով, վիզը կտրելով կամ բութ առարկայով հարվածելով: Առնվազն 7 դեպքում մոր սպանությանը ականատես են եղել երեխաները:

Հուլիսի 1-ից Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 6 տոկոսով կնվազի:  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշվել ՝  1 խ/մ-ի դիմաց բնակիչները կվճարեն 146.7 դրամ: Ամսական ավելի քան 10 հազար խ/մ գազ սպառող բաժանորդները հազար խ/մ-ի դիմաց կվճարեն 257.6 դոլար: Հիշեցնենք, որ գազի սակագնի նվազումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին Ռուսաստանը Հայաստանի համար սահմանին գազի գինը 165 դոլարի փոխարեն սահմանեց 150 դոլար:

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է: Ամերիկյան արտարժույթի փոխարժեքն այսօր կազմել է 477, ռուբլունը՝ 7.24, եվրոյինը՝  532, բրիտանական ֆունտինը՝ 697 դրամ:

Երեւանում հունիսի 1-ին, կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ,  առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի մինչև 14, իսկ վաղը ցերեկը՝ մինչև  28 աստիճան տաքություն։