Մի քանի տասնյակ երիտասարդ այսօր՝ հունիսի 2-ին, հավաքվել են Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մոտ շնորհակալություն հայտնելու Գերմանիային՝  Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար:

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ակիցայի մասնակիցներն հայերեն ու գերմաներեն գոռում են «Շնորհակալություն»  եւ իրենց հետ բերել են «շնորհակալություն» գրությամբ պաստառներ եւ եռագույն:

«Իմացանք, որ Գերմանիան ընդունել է եւ որոշեցինք հավաքվել եւ մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիային եւ գերմանացիներին այդ բանաձեւն ընդունելու համար: 1915թ. եւ հարակից ժամանկաշրջանում Գերմանիան հանդիսանում էր Թուրքիայի դաշնակիցներից մեկը եւ այն փաստը, որ Թուրքիայի այն ժամանակվա դաշնակիցը ընդունում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, պատմական քայլ է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակցներից Հայկ Բեջանյանը՝ նշելով, որ դա կարող է առիթ հանդիսանալ անցում կատարելու համար հատուցման փուլին:

Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը: