Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այսօր՝ հունիսի 8-ին, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի» :
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Չեխիայի նախագահին նվիրել է Ֆրանց Վերֆելի անվան հուշամեդալ եւ գրքեր: Չեխիայի նախագահը շնորհակալություն հայտնեց Հայկ Դեմոյանին մեդալի համար: «Վերֆելի կենսագրությանը ծանոթ էի, բայց նկարը չէի տեսել»,- ասաց նա:
Այնուհետեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում նախագահը ծառ է տնկել:
Նշենք, որ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
ՀՀ նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ են կայանալու, որոնց ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Երեւանում Հայաստանի եւ Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը:












