Դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի պաշտպանական դիրքերից մեկում: Առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի եւ ուժեղ քամու հետեւանքով գիշերը անհետ կորել է երկու զինծառայող, որոնց մարմինները ժամեր անց գտել են հարակից տարածքներում: Սերժանտ Վարդան Ղրմաջյանը էջմիածնից էր, նա տասն օրից պետք է զորացրվեր: Շարքային Արմեն Գազարյանը Արարատի մարզի Նիզամի գյուղից էր:Եվս մի քանի զինծառայող մարմնական վնասվածքներ են ստացել: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հայաստանում է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Վաղ առավոտյան նա այցելել է Ծիծեռնակաբերդ,հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, ապա ծառ տնկել Հիշողության պուրակում: Ավելի ուշ Միլոշ Զեմանին նախագահական նստավայրում ընդունել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպումից հետո երկու նախագահները ներկայացրել են հանդիպմանը քննարկված գլխավոր հարցերը: Սերժ Սարգսյանը չեխ գործընկերոջը տեղեկացրել է Ալիեւի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին: Զեմանն առաջարկել է Չեխիայի օգնությունը այդ հանդիպումները կազմակերպելու հարցում: Հայաստանի նախագահը խոսել նաեւ վերջին շրջանում Ալիեւի անհավասարակշիռ վարքագծի եւ հռետորաբանության մասին:

Զեմանն իր հերթին ասել է, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առեւտրաշրջանառության մակարդակը ցածր է, ինչի համար էլ իր հետ Երեւան են եկել մի խումբ հաջողակ չեխ գործարարներ, որոնք հայ- չեխական գործարար համաժողովին կքննարկեն համագործակցությունը խորացնելու հնարավորությունները:

Հայ-ռուսական Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ ստեղծելու ծրագիրը նոր չէ, համաձայնագրի շուրջ աշխատանքները սկսվել են  մի քանի տարի առաջ՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը Երեւանում մասնակցում էր  ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:  Բորդյուժայի խոսքով՝ սա առաջին փուլն է, որի շրջանակում արդեն ստեղծվել են ռուս- բելառուսական ու ռուս- ղազախստանյան ՀՕՊ համակարգեր, իսկ երկրորդ փուլում բոլոր այդ համակարգերը կմիավորվեն  եւ կստեղծվի ընդհանուր համակարգ ՀԱՊԿ ամբողջ տարածքի վրա: Նշենք, որ հայաստանում քաղաքական որոշ ուժեր թերահավատորեն են տրամադրված այս ծրագրի նկատմամբ: Նրանք մտավախություն ունեն, որ հայկական օդային տարածքի վերահսկողությունն այս համաձայնագրով հանձնվում է Ռուսաստանին: Ի դեպ, համաձայնագիրը Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարագում է։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նոր պետ ունի: Դավիթ Հարությունյանն այսօր ներկայացրել է նորանշանակ պաշտոնյային եւ շնորհակալություն հայտնել այդ պաշտոնից ազատված Արտյոմ Մովսեսյանին:Նշենք, որ Մովսեյանը ավիացիայի պետի պաշտոնը զբաղեցնում է 12 տարի, վերջին շրջանում մամուլում ակտիվ շրջանառվում էր տեղեկությունը, որ նա ներքաշված է կոռուպցիոն պատմության մեջ եւ շուտով հեռացվելու է պաշտոնից:  Ավիացիայի նորանշանակ պետ՝ 35-ամյա Սերգեյ Ավետիսյանը մինչեւ այդ զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի դաժան ծեծը շարունակում է քաղաքական ու հասարակական լայն քննարկման թեմա մնալ: Նախօրեին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ասել էր՝ պատգամավորի հանդեպ բռնությունը ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը եւ ժողովրդավարությանը:

  Մինչդեռ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ կատարվածը սովորական խուլիգանություն էր:

Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ Սամվել Բաբայանի վերադարձին եւ նրան կրկին Պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու պահանջին:  Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Սերժ Սարգսյանը փակել է Սամվել Բաբայանի ունեցած պարտքերը, Սահակյանը նշել է, թե դրանք խոսակցություններ են, դժվար թե իրականությանը համապատասխանեն:

Հայաստանում պետք է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը:Այս մասին ասել է Ազգային ժողովի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Այս համատեքստում նա կարեւորել է մի շարք ռազմական մասնագիտացումների համար ավելի բարձր աշխատավարձ սահմանելը, նաեւ բարձրացնել ռազմական կրթության որակը:

Ազգային ժողովն այսօր շարունակել է քննարկել 2015 թ բյուջեի կատարողականը: Լեւոն Զուրաբյանը նկատել է՝ բյուջեով հսկայական գումարներ են տրամադրվել հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեության միակ նպատակը, ՀԱԿ պագամավորի, Հանրապետական կուսակցությանը փիարը ապահովելն է:

Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված նամակը խայտառակ է ու անբարո՝ l հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը՝ պահանջելով, որ կաթողիկոսը բարձրացնի նրան կարգալույծ անելու հարցը: Նշենք, որ Արամ Աթեշյանը նամակ է գրել Էրդողանին հայ համայնքի անունից, որում քննադատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող՝ Բունդեսթագի բանաձեւը՝ պնդելով, թե իմպերիալիստները հայկական հարցն ու հայերի վիշտը օգտագործում են իրենց շահերի համար։ Ստամբուլի հայ համայնքը նույնպես վրդովված է Աթեշյանի այս պահվածքից:

Կնոջը դանակի 30 հարվածով սպանելու մեջ մեղադրվող տղամարդը պնդում է՝ աֆեկտի վիճակում է եղել կնոջը սպանելիս, չի հասկացել՝ ինչ է անում: Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընդահանուր իրավասության դատարանում այսօր Արտակ Առաքելյանը ցուցմունք տվեց՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ կինն իրեն թուրքի հետ է դավաճանել, ինքն էլ խանդի հողի վրա սպանել է նրան: Արտակ Առաքելյանը նշեց, թե կարդացել է կնոջ ու այդ տղամարդու նամակագրությունը, տեսել է՝ ինչպես է կինը խոսում նրա հետ: «Անհասկանալի, կենդանական ձայներ էին գալիս»,- դատարանում ասել է նա:

Հունիսի 15-ից աշխատանքը կվերսկսի Երեւան-Բաթումի-Երեւան երթուղու «Արմենիա» գնացքը: Երեւանից  գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին: Երեւանից Բաթումի ուղեւորությունը տեւում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: Նախորդ տարվա համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9 850 դրամից մինչեւ 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:

Դոլարի փոխարժեքը անփոփոխ է մնացել,  ռուբլին ու եվրոն՝ արժևորվել են, իսկ ֆունտը՝ թուլացել: Եվ այսպես դոլարի փոխարժեքը կազմել է 478, ռուբլունը՝ 7.43, եվրոյինը՝ 544, իսկ ֆունտինը՝ 696 դրամ:

Այսօրվա անձրևոտ եղանակը կպահպանվի նաև վաղը: Երեւանում այս գիշեր սպասվում է +11+13, իսկ վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն։