Ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու երկրորդ շաբաթը սկսվեց լարվածությամբ. զինված «Սասնա ծռեր» խումբը մնացել է առանց, սննդի, դեղորայքի եւ միջնորդի:

Շաբաթ օրը վերջին չորս պատանդներին ազատ արձակելուց հետո, ըստ խմբին աջակցող «Հիմնադիր խորհրդարանի», իշխանությունները հրաժարվում են սնունդ եւ դեղորայք տրամադրել գնդի ներսում գտնվող անձանց: Խնդիրն այնքան լուրջ է դրված, որ ցուցարարները պատրաստ են քաղաքացիական անհնազանդության շարժում սկսել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախաձեռնող խմբի անգամ Ալբերտ Բաղդասարյանը:

Սննդի հարցը լուծելու համար նախօրեին զինված խումբն այրեց ոստիկանական մեքենա, սակայն դա հարցին լուծում չտվեց: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին նույնպես սննդի հետ կապված խնդիր էր առաջացել: Այն հարթել էր Վիտալի Բալասանյանը, որն էլ հետագայում միջնորդ դարձավ իշխանությունների եւ զինված խմբի միջեւ:

Բալասանյանի միջնորդությունը տեւեց 3 օր: Հուլիսի 23-ին ՊՊԾ գնդի տարածքում հրավիրված մամուլի ասուլիսին Բալասանյանը հայտարարեց, որ Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Զինված խմբի անդամները հերքեցին այդ տեղեկությունները եւ խզեցին բանակցությունները արցախցի գեներալի հետ: Ալեք Ենիգոմշյանն էլ պարզաբանեց, թե ինչ է ասել Սեֆիլյանը Բալասանյանին:

Տեղեկություններ կային, որ բանակցություններն այժմ էլ վարում է ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ բոլորին հայտնի «Աշոտ Երկաթը»: http://news.am/arm/news/338765.html Երեկ եւ այսօր նրա քայլերի վերաբերյալ ոչ մի հրապարակում չի եղել: Աշոտ Մինասյանն էլ համառորեն հեռախոսազանգերի չի պատասխանում:

Մինչ քննարկվում է խմբի անդամներին սնունդ եւ դեղորայք տրամադրելու հարցը եւ թե ով է վերջապես բանակցելու կողմերի միջեւ խաղաղ ճանապարհով հարցը լուծելու համար, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց եւս մեկ խումբ է բացահայտվել:

Բացի դրանից ԱԱԾ-ն կրկին հորդորեց զինված խմբին վայր դնել զենքն ու առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:

«Դրա համար թեեւ քիչ, բայց դեռ ժամանակ կա: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից»,- ասվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեն օրվա ընթացքում հայտարարեց, որ հետախուզում է հայտարարվել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի հարձակումից հետո Չուգասզյանն անհետացել է:

Առանց պաշտոնի երեք տարի մնացած՝ Երեւանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը կրկին պետական համակարգում է: Նազարյանը երեկ նշանակվել է Երեւանի փրկարարական վարչության պետ: Նազարյանի անունը շոշափվում էր «Ֆինանսական բուրգի» հետ: Ըստ մամուլի՝ դա էր պատճառը, որ նա աշխատանքից ազատվել էր 2013թ. ապրիլին:

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հուլիսի 21-ին կեսարյան հատումով զույգ ունեցած եւ մեկ օր անց մահացած Նաիրա Աբգարյանը ֆիզիոթերապեւտ էր, 17 տարի աշխատում էր «Արբես» առողջության կենտրոնում: Գործընկերների խոսքով՝ Նաիրայի կյանքի նպատակը մայրանալն էր:

«Կեսարյան հատումից հետո Նաիրային տեսել եմ, համեմատաբար լավ էր, ուրախ էր»,- մեզ հետ զրույցում ասել է կենտրոնի տնօրեն Մանուշակ Երիցյանը:

Կեսարյան հատումն իրականացրել է մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանը: Նախնական տեղեկություններով, կինը մահացել է արյան մակարդելիության անկման եւ այնուհետեւ բացակայության պատճառով:

Մահացած ծննդկանի զույգ որդիների վիճակը բավարար է:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալված անձանց ծեծել են, բռնաբարել եւ խոշտանգել։ Այս մասին հայտարարություն է տարածել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:

Բացի դրանից, Թուրքիայի իրավապահ մարմիններն այսօր առավոտյան որոշում են կայացրել՝ ձերբակալելու 42 լրագրողի, որոնք կասկածվում են Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի մեջ: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել միայն 5-ին, եւս 11-ը երկրից հեռացել են: 

«Աքշամ» պարբերականի հաղորդմամբ էլ՝ թուրքական ոստիկանությունը Տրապիզոնում ձերբակալել է Ֆեթուլլահ Գյուլենի աջ ձեռք համարվող Հալիս Հանջըին։ Նա հեղաշրջման փորձից 2 օր առաջ է մտել Թուրքիա։ 

Գերմանիայում երեք օրում երեք ահաբեկչություն է տեղի ունեցել: Ուրբաթ ուշ երեկոյան 18-ամյա իրանցին կրակ է բացել Մյունխենի «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում՝ սպանելով 9 անձի եւ վիրավորելով շուրջ 35-ի: Հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել: 

Կիրակի ցերեկ Ռոյթլինգեն քաղաքում 21-ամյա սիրիացի ահաբեկիչը ավտոբուսի կայարանի տարածքում մաչետեով հարձակվել էր անցորդների վրա: 45-ամյա հղին մահացել է, եւս 5 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Իրավապահները ենթադրում են, որ դա խանդի հողի վրա կատարված հանցագործություն է, քանի որ սիրիացին սիրահարված է եղել սպանված կնոջը:

Ժամեր անց պայթյուն էր եղել Անսբախ քաղաքի ռեստորաններից մեկում. 27-ամյա սիրիացի ահաբեկիչը զոհվել էր, 12 մարդ էլ վնասվածքներ ստացել:

Վերջնական որոշում է կայացվել՝ Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք շախմատի Համաշխարհային օլիմպիադային։ Այս մասին հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմասյտեր Սմբատ Լպուտյանը։

«Այդ որոշումը համատեղ է, եղել է ընդհանուր քննարկում եւ վերջնական եկել ենք այն որոշման, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը չպետք է մեկնի Բաքու»,- ասել է Սմբատ Լպուտյանը։

Ռիոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին խումբը՝ ծանրորդները, աթլետներն ու լողորդները այս գիշեր մեկնեցին Բրազիլիա:

Ծանրամարտի կանանց թիմի կազմում Ռիո մեկնեց նաեւ Սոնա Պողոսյանը, որը փոխարինում է որակազրկված Հռիփսիմե Խուրշուդյանին: Կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ չի համակերպվում, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը բաց է թողնում Ռիո- 2016-ը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ին կմասնակցի 33 մարզիկ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ակնկալում է ամենաքիչը 20 մեդալ:

Այսօր միայն բրիտանական ֆունտն է թանկացել, դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են՝ թեև աննշան: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.34, եվրոյինը՝ 523, ֆունտինը՝ 625 դրամ: 

Հուլիսի 26-ին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն։