Արցախում սեպտեմբերի 2-ին մարտական խնդրի կատարման ժամանակ ծագած այլ հանգամանքներում զոհված 19-ամյա Արայիկ Օրդուբեկյանին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Երեւանում հուղարկավորեցին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Օրդուբեկյանների հարեւաններից Անահիտ Իսպիրյանը նշեց, որ Արայիկը օրինակելի զինվոր է եղել եւ նրա ծնողները միշտ հպարտացել են նրանով։ Նրա խոսքով՝ Արայիկն ու նրա հայրը՝ Սամվել Օրդուբեկյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ միասին սահմանին են եղել եւ պաշտպանել հայկական սահմանը։
«Ընտանիքը 15 տարի ապրել է մեր շենքում, նրանք շատ լավ օրինակելի ընտանիքն են եղել։ 7 Երեխան են՝ 5 եղբայր եւ 2 քույր, Արայիկը ընտանիքի մեծ երեխան էր եւ միշտ մայրիկին օգնում էր քույր եւ եղբայրների խնամքի հարցում։ Մեկ տարի առաջ գնացել ին Արցախ, այնտեղ բնակվելու, միշտ լսում էինք, որ Արայիկով հպարտանում են, լավ էր ծառայում, քառօրյայի ժամանակ էլ հոր հետ էր սահմանին, կռվում էին, մեզ պաշտպանում ու հիմա էլ այս վիճակում հայտնվեցին»,-ասաց տիկին Անահիտը։
Հիշեցնենք, որ Արայիկ Օրդուբեկյանը բանակ էր զորակոչվել 2015թ. ամռանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Արցախում սեպտեմբերի 2-ին Արայիկ Օրդուբեկյանը զոհվել է ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ ծագած այլ հանգամանքներում։
Հիշեցնենք, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։












