ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն իրեն չի տեսնում նոր կառավարության կազմում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմինների նիստերից առաջ նա ասաց լրագրողներին:
Հրայր Թովմասյանը չցանկացավ գնահատական տալ հրաժարական ներկայացրած վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքին:
«Թույլ տվեք գանհատական չտալ, պարոն վարչապետն իր գնահատականը տվել է»,- ասաց նա:
Հրացին՝ ինչպես պետք է իրականացվեն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին չեն հաջողվել, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Քաղաքական բարեփոխումների սկիզբը դրվել է անցած տարի ընդունված սահմանադրությամբ: Բացի սուբյեկտիվից մեր երկիրն ունի նաեւ օբյեկտիվ խնդիրներ, որոնցից ես առանձնացրել եմ կառավարման համակարգը: Այդ խնդիրները բնորոշ են կիսանախագահական կառավարման ձեւ ունեցող բոլոր երկրներին: Սահմանադրությունն՝ անցած տարի ընդունված, փորձել է լուծում տալ այդ խնդիրներին»:
Հրայր Թովմասյանի խոսքով՝ քաղաքական բարեփոխումներն իրենց հետեւից պետք է բերեն տնտեսական բարեփոխումներ: Ըստ նրա՝ որոշ ժամանակ անց տեսնելու ենք բոլորովին այլ քաղաքական մշակույթ:
«Այսօր էլ արդեն իսկ տեսնում եք մշակույթի դրսեւորումներ: Օրինակ՝ երբեք Վանաձորի եւ Գյումրու ընտրությունների ժամանակ քաղաքական պայքար չեք տեսել, այսօր ականատես եք լինում քաղաքական պայքարի: Կարեւորագույն խնդիր է, երբեք մեզ մոտ տեղական ընտրությունները քաղաքական բնույթ չեն ունեցել, առաջին ծիլերն եք տեսնում»,- ասաց նա:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել այսօր՝ սեպտեմբերի 8-ին:











