Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում այսօր՝ սեպտեմբերի 10–ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Ս. Խաչվերացի տոնի առթիվ իրականացրին Խաչի քարոզ։ Շուրջ 30 երիտասարդ երթուղային տաքսիների եւ ավտոբուսների վարորդներին բաժանեցին օրհնված խաչեր՝ խաչի պաշտպանիչ աղոթքով՝ նրանցից վերցնելով աչքուլունքները։ NEWS.am–ի հետ զրույցում Մարմարաշենի Ս. Գեւորգ եկեղեցու երիտասարդաց միության  ատենապետ  Վարդուհի Խաչատրյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ է, որ Խաչի քարոզն իրականացվում է Ս. Խաչվերացի տոնին ընդառաջ.

«Արդեն 6–րդ անգամ ենք իրականացնում Խաչի քարոզը եւ այս տարի առաջին անգամ է, որ նախատոնակ ենք անում, սովորաբար միշտ Խաչի տոնի օրն ենք արել, սակայն, քանի որ վաղը նաեւ խաչի թափոր է լինելու եկեղեցիներում եւ մասնակիցների մի մասը չեն կարողանա մասնակցել Խաչի քարոզին՝ նախատոնակ արեցինք։ Մասնակցում է  շուրջ 30 երեխա, բաժանելու ենք 200 օրհնված խաչ։ Երթուղային տաքսիների եւ ավտոբուսների վարորդներին բաժանում ենք օրհնված խաչեր, խաչի պաշտպանիչ աղոթքը՝ վերցնելով աչքուլունքները, շնորհավորում Ս. Խաչվերացի տոնը։ Տեղեկացնում ենք հանրությանը, որ ավելի լավ է հավատալ խաչի զորությանը, քան ապավինել աչքուլունքին։ Պատահում է, որ բարձրանում ենք երթուղային եւ չկա աչքուլունք, դա մեզ ուրախացնում է։ Կան  վարորդներ, որ ոչ աչքուլունք ունեն, ոչ էլ խաչ եւ հրաժարվում են վերցնել խաչը, նաեւ կան վարորդներ, որոնք հրաժարվում են աչքուլունքը փոխարինել խաչով»,–ասաց նա։