Սարի թաղի անկարգությունների գործով կալանավորված եւ այսօր ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վահագն Ղումաշյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը մինչեւ վերջ պայքարելու է իր պաշտպանյալի նկատմամաբ հարուցված քրեական գործի կարճման համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ Վահագն Ղումաշյանի նկատմամաբ հարուցված քրեական գործն հարուցվել է առանց հիմնավոր փաստարկների, ոչ մի ապացույց չկա, որ այդ օրը իր պաշտպանյալը գտնվել է Սարի թաղում:
«Մեր վերջնանպատակը ոչ միայն Վահագնին ազատ արձակելն էր, այլ նրա նկատմամաբ հարուցված քրեական գործի կարճումը: Նա առանց այն էլ երկու ամիս ապօրինի մնացել է անազատության մեջ»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սարի թաղի անկարգությունների գործով կալանավորված` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վահագն Ղումաշյանը:











