Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստում ավագանու անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրեցին Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանին՝ նրան տալով 19 ձայն։
Հոկտեմբերի 2-ի ընտրություններում Հանրապետականն ավագանիում ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, իսկ ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: Ավելի ուշ «Լուսավոր Հայաստան», Բարգավաճ Հայաստան եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Այդ երեք ուժերը միասին ստացել էին Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։
Այնուամենայնիվ, ո՞վ է տրվել ճնշումներին եւ դավաճանել ընդդիմության միասնական թեկնածուին։ Վահե Էնֆիաջյանի պնդմամբ՝ իրենք ապացույցներ ունեն, որ Վանաձորում ավագանու ԲՀԿ-ական երեք անդամները քվեարկել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին։ Ընդդիմության հուշագրին կուսակիցների հավատարմությանը չի կասկածում նաեւ Հեղինե Բիշարյանը։
Գյումրիի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Սամվել Բալասանյանը ստանձնել է քաղաքապետի պաշտոնը, այնուհետեւ՝ երդվել: Ավագանու կազմում ընդգրկված «ԳԱԼԱ», Բարգավաճ Հայաստան եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները բոյկոտել են նիստը:
Ավագանու նիստից հետո Բալասանյանն այցելել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, ստացել նրա օրհնությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքում «Բալասանյան» դաշինքը ստացել էր 15 մանդատ։ Որպես ավելի քան 40 տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժի, ընտրական օրենսգրքի պահանջին համապատասխան, դաշինքին բոնուսային 2 մանդատ է տրվել, իսկ մյուս մանդատները բաշխվել են անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջեւ։
Եվս մեկ փոփոխություն գործադիրի կազմում։ Նախագահի հրամանագրով՝ Վարդան Հարությունյանը նշանակվել է Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում։ Մեկ այլ հրամանագրով՝ Հովհաննես Հովսեփյանն ազատվել է այդ պաշտոնից։ Վարդան Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա»-ի վարչության նախագահն ու գլխավոր տնօրենն էր։ Նա համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի ամենավստահելի անձանցից մեկը:
Ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանին տեղափոխել են Մորդովիայի ինքնավար հանրապետության բանտ, որտեղ սարսափելի պայմաններ են։ Գործարարին սատարող իրավապաշտպան Հայկազ Մակարյանն ասում է՝ Հայրապետյանին խոնավությունը հակացուցված է, եւ այս բանտում նրա առողջությունը լուրջ վտանգի տակ է:
Իրավապաշտպանը Հայաստանի իշխանություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել` նրա արտահանձնումը կազմակերպելու համար: Լեւոն Հայրապետյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։
Մահվան ելքով վթար Տավուշի մարզում։ Իջեւան-Երեւան ավտոճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» եւ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ «Վազ 2107»-ի վարորդ Վաչագան Հայրապետյանը մահացել է: Նա զինվորական էր, կոչումով՝ կապիտան։
System of a Down-ը վերադառնում է։ Աշխարհահռչակ ռոք խմբի անդամները հայտարարել են տեւական դադարից հետո վերամիավորվելու մասին։ Երաժիշտներն արդեն շրջագայության են պատրաստվում. 2017 թվականի հունիս-հուլիսին խումբը եվրոպական մի քանի երկրներում կմասնակցի ամառային փառատոնների։
Հոկտեմբերի 10-ին դոլարը փոքր-ինչ էժանացել է, եվրոն՝ թանկացել։ Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 474 դրամ, եվրոյինը՝ 529, ռուբլունը՝ 7 դրամ 61 լումա, ֆունտինը՝ 589 դրամ։
Հոկտեմբերի 11-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում։











