Արցախում նոյեմբերի 13-ի գիշերը սպանված ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի վարձով բնակվող ընտանիքին ՀՀ պաշտպանության նախարարությունը խոստացել է օգնել սեփական տանիք ձեռքբերելու հարցում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արմավիրի մարզի Արազափ գյուղի գյուղապետ Մանվել Հարությունյանը՝ նշելով, որ Առաքելյաններն ապրում են ծանր սոցիալական վիճակում. «Երեկ բարձրաստիճան սպաներ էին եկել այստեղ, մարզպետի միջոցով էլ այս խնդիրը բարձրաձայնեցինք, խոստացել են, որ կօգնեն անպայման: Նրանց տունը գրավի դիմաց բանկը վերցրել էր, իսկ իրենք վարձով էին ապրում »:

Գյուղապետը նշեց, որ մահացած զինծառայող Վարդանին գյուղում բոլորը սիրում եւ հարգում էին եւ նրա մահը մեծ դժբախտություն եւ ցավ է ամբողջ գյուղի համար. «Գյուղի ամենախելոք, ամենադաստիարակված, լավ տղան էր: Մեծ ցավ ենք ապրում, որ նա մահացել է, շատ դաժան է»:

Մանվել Հարությունյանի խոսքով՝ Վարդանի ձեռքի կոտրվածքի պատճառով նրա ծառայությունը երեք տարով  հետաձգվել է, սակայն, առողջանալուց հետո զորակոչվել եւ ծառայել է եղբոր հետ: Նրա հարազատները եւ համագյուղացիները ՀՀ պաշտպանության նախարարությանը խնդրել են թույլատրել նրան 2 ամիս մնալ ծնողների կողքին եւ չգնալ ծառայության, նրանց այս խնդրանքը բավարարվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Արազափ գյուղում տեղի է ունեցել Վարդան Առաքելյանի հուղարկավորությունը:

Վարդան Առաքելյանն ապրում էր սոցիալապես ծանր պայմաններում, երկու եղբայր ուներ։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  նախնական տվյալներով, 2016 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, կրտսեր սերժանտը, նշանակված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում, խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոցներ է արձակել նույն զորամասի պահանության տեղամասի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ, ինչի հետեւանքով նռնակաձիգի օգնական, շարքային Վարդան Հովհաննեսի Առաքելյանն ստացել է մահացու հրազենային վիրավորում:

Քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: