Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի է ունեցել «Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթի բացման արարողությունը։ Լուսանկարչական մրցույթի ժյուրիի անդամները՝ Դավիթ Հակոբյանը, Վահան Ստեփանյանը, Հակոբ Բերբերյանը, Սեդրակ Մկրտչյանը, հայտարարեցին մրցույթի հաղթողներին։ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Հրանտ Խաչատրյանը, Գայանե Ենոքյանը, Գրիգոր Եփրեմյանը:

Նշենք, որ ծրագիրն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն (ՀԵՀ) ու Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը փաստեց, որ ծրագրի ձեւաչափը նորություն է. «Շատ լուսանկարիչներ կան Հայաստանում եւ մենք ուզում ենք, որ նրանք էլ համահունչ քայլեն մեր բոլոր ծրագրերին: Եթե անկախության տոն է, իրենք անկախության թեմա ունենան, առաջիկայում կլինեն նաեւ այլ տոներ եւ նախատեսում ենք առաջիկայում այլ միջոցառումներում եւս ունենալ նաեւ նման ձեւաչափ»:

ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը ողջունելով նման ցուցահանդես-մրցույթի գաղափարը նշեց. «Մեր ցուցասրահները բաց են այսպիսի միջոցառումների համար: Մեզ համար կարեւոր է նաեւ, որ լուսանկարչությունը, որը արվեստի գերակա ճյուղ է, զարգացում ապրի»:

Հանձնաժողովի անդամներից լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը խոստովանեց, որ որոշում կայացնելը դժվար է եղել. «Հաղթողներին  դժվարությամբ ենք ընտրել: Բայց եկանք ընդհանուր հայտարարի եւ այն եզրակացության, որ ավելի կարեւոր է` լուսանկարչությունն առաջ գա, քան մասնակցությունն ու հաղթելը: Մեր նպատակն է, որ զուգահեռ գեղարվեստին լուսանկարչությունը գտնի իր տեղը»:

Մրցույթի հաղթող Հրանտ Խաչատրյանը ներկայացրեց իր հաղթող լուսանկարի պատմությունը. «Մի անգամ ընկերոջս հետ «Երրորդ մասի» խուլ բակերից մեկում նկարում էինք, այդ ընթացքում նկատեցի, որ երեխաներն ուրախ խաղում են: Որոշեցի նկարել նրանց, քանի որ մեր օրերում դժվար է գտնել բակում խաղացող երեխաների, այն էլ այդքան տարբեր ու անկախ: Երբ որոշեցի նրանց նկարել, նրանք գեղեցիկ կանգնեցին, ու ծնվեց իմ նկարը»: