Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է մտածեն ոչ թե զոհված, այլ ծառայող զինծառայողների մասին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում, իր ելույթում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով «1000 դրամ բանակին» օրինագծին:
«Կարծում եմ՝ հանուն հայրենիքի զոհված, կամ վիրավորված զինծառայողների հարցը պետք է լուծել նաեւ ողջ մնացած զինծառայողների հարցի հետ: Մենք արդեն սկսել ենք ավելի շատ հարգել զոհվածներին, քան ողջերին: Նույնիսկ, երբ մեդալ ենք տալիս մի քիչ խուսափում ենք ողջ մնացած զինծառայողներից, ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ դա սխալ մոտեցում է: Երբ մարդն արյունը տվել է, մտածում են՝ ինչպես փոխհատուցել, բայց երբ մարդը ծառայում է, չեն մտածում փոխհատուցման մասին»,-ասաց նա:
Հրանտ Բագրատյանն առաջարկեց հայրենիքին ծառայող զինծառայողների համար սահմանել աշխատավարձ. «Ժամանակն է, որ զինվորին տրվի աշխատավարձ, եթե զինվորներին տալիս ենք նվազագույն աշխատավարձ, մեզ տարեկան 30 միլիարդ է հարկավոր, իսկ եթե ուզում ենք ավելի բարձր աշխատավարձ տալ՝ 80 միլիարդ դրամ է պետք: Դա անելուց հետո էլ պետք է լուծենք այն զինվորների հարցը, որոնք արյուն են տվել հանուն հայրենիքի: Ինչպես լուծել այս հարցը՝ կամ պետք է անցնել վերաբաշխման միջոցների, կամ էլ գտնել այդ 30-80 միլիարդ դրամը: Պետք չէ ասել, որ բյուջեում այդ փողերը չկան՝ պղինձն արտահանվում է օֆշոր ասենք 2000 դոլար, այնտեղ էլ վաճառվում 4-5 հազար դոլարով: Բոլորը դա գիտեն, բոլորն էլ այդ փողի տեղը գիտեն: Ասում ենք, բարձրացրեք գույքահարկը, Կենտրոնական բանկի բյուջեն 33 միլիարդ է՝ 15 միլիարդի էլ շինարարություն է անում՝ Սահմանադրությունում նման կետ չկա: Ի՞նչ պետք է անի 33 միլարդը, կամ ինչու՞ պետք է ԱԺ-ն 53 մեքենա ունենա»:
Պատգամավորը նշեց, որ «1000 դրամ բանակին» նախաձեռնությունն իր համար անհասկանալի է. «Ձեր առաջարկած լուծումը՝ 1000 դրամների գանձումն ինձ համար անհասկանալի է, իմ հաշվարկով, եթե ունենք մինչեւ 100-170 վիրավոր, կամ զոհված՝ այդ 4 միլիարդն հերիք է, բայց, եթե ունենք ավելի շատ վիրավոր՝ ի՞նչ ենք անելու այդ դեպքում: Այսպիսի լուծու՞մ ենք տալիս, թե նորից օրենք ենք ընդունելու եւ 1000 դրամը սարքենք՝ 2000: Ստեղծում եք հիմնադրամ՝ պետք է լինի կամավոր, կամ ոչ կոմերցիոն: Ինձ նախարարան ասում է ՝ բա «Լույս» հիմնադրամն ինչպե՞ս է աշխատում, վատ է աշխատում, պարոն նախարար, որովհետեւ գումարը տրամադրում է անհասկանալի է՝ ում եւ երեխեքն էլ գնում են դրսում սովորելու եւ հետ չեն վերադառանում: Դուք օրենքով պարտականություն չեք դնում երեխեքի վրա հետ գալու:
Մենք հիմնադրամով արտագաղթը ֆինանսավորել չենք կարող: Ես մի քիչ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կարիք կա նման օրենք բերելու եւ առանց գոնե մի անգամ մեզ հրավիրելու եւ հարցնելու՝ ոնց եք լուծումը տեսնում։ Ես արդեն հասկանում եմ, որ համենայնդեպս ձեզնից վատ չեմ տեսնում լուծումը։ Դուք մեկ հայտարարում եք, որ պայքարում եք կոռուպցիայի դեմ։ Ինքը՝ կոռուպցիան, բնույթ ունի։ Դուք բերում եք ապօրինություներ եւ դարձնում էստեղ օրենք։ Ես չեմ կարող դա ընդունել, Օրինակ, մի քանի խոսք էր ասել վարչապետը, մենք ոգեւորվել էինք։ Մաքսատանը ես գիտեմ ՝ մի տասը օր կաշառք չեն վեկալում, բայց ընդամենը տասը օր տեւեց ու նորից նույնն է։ Այսինքն՝ նման օրենքով դուք ու՞մ եք պաստավկա անում, երբ հարցը այլ լուծում ունի, շատ խելացի լուծում, ինչպես վերը ես նշեցի։ Գրել՝ եկամտահարկ`23%` պլյուս-մինուս 2-3%` ամեն տարվա բյուջեում ճշտելով։ Չէ՞ որ բյուջեն էլ ենք օրենքի ձեւով ընդունում։
Բագրատյանը ներկայացրեց, օրինակ, Մուդիի կառավարության օրինակը. «Նոյեմբերի 8-ին Նամանդրա Մուդին հայտարարեց, որ Հնդկաստանի ՀՆԱ-ն 4.9 տրիլիոն դոլարն է, 1.6 տրիլիոնը ստվեր է՝ 20%: Հասարակ մի հատ քայլ արեց մարդը, ասեց՝ խոշոր փողերը փոխում ենք, բերեք փոխենք։ Ընդամենը երկու օրում երկրի բյուջեն ստացավ 14 միլիարդ, 2 անգամ պակասեց ստվերը։ Դուք սա պատրաստվու՞մ եք անել, Չէ։ Այս կարգի լուծումները, որոնք թելադրված են հիմնադրամ, ապահովագրություն, անհնարին է, որ մենք կարողանանք ձեռքներս դնել խղճներիս եւ կողմ քվեարկել։ Բացի դա սա ապահովագրություն չէ։ Սա կոչվում է դրամական վճարում։ Սրա եկամուտները ֆիքսված են եւ ֆիքսված է՝ ում պետք է տալ։
Էստեղ չի կարող լինել ապահովագրական ռիսկ։ Էստեղ չի կարող լինել հիմնադրամ, չի կարող լինել ներդրում, չի կարող լինել արժեթուղթ, հասկանու՞մ եք։ Մենք մի հատ տեսանք՝ կուտակայինի վրա ինչ եղավ։ Արդյունքները տեսնում ենք էսօր, լացում ենք։ ոչ ոք չպատժվեց դրա համար, հանրապետությունը մտցրինք կուտակայինի բեռի տակ։ Հոգաբարձուների խորհուրդ, կենտրոնական բանկ, սա ի՞նչ Կենտրոնական բանկի գործն է, ինչու՞, ո՞վ է ձեզ ասել։ Կարդացեք Սահմանադրության 200-րդ հոդվածը, 4-5 հոդվածի մեջ կա՞ տենց ֆունկցիա կենտրոնական բանկի վրա դրված։ 4 կետ ա գրած ընդամենը։ Դուք էիք գրել, մենք էլ դեմ էինք էդ սահմանադրությանը։ Որերորդ անգամ էդ նույն ձեր գրած սահմանադրությունը դուք խախտում եք։ Մենք էսպես շարունակել չենք կարող»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական:











