Կաթնամթերքի խոշոր արտադրողն օգնության կարիք ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Աշտարակ կաթ» ընկերությունը պարտքեր է կուտակել, որոնք նրա աշխատանքին խոչընդոտում են: Ընկերությունը զբաղեցնում էր կաթնամթերքի շուկայի 40-45 տոկոսը, իսկ այժմ այն սրընթաց կորցնում է: «Ձեռնարկությունում 600 մարդ է աշխատում, այստեղ կաթ են հանձնում ավելի քան 3 հազար գյուղական տնտեսություններ: Պետությունը չպետք է մի կողմ կանգնի եւ հնարավորության սահմաններում պետք է աջակցի»,- կոչ է արել նա:
Ի պատասխան հարցին՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ձեռնարկության մասին տեղեկատվությունը անհրաժեշտության սահմաններում կուսումնասիրվի:











